Պուտինը չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայի հետ: Բրիտանական Channel 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում դրա մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա կրկնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանի հետ խաղաղության շանսեր չի տեսնում։
Ուկրաինայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Պուտինն իր պատերազմի միջոցով, ընդհակառակը, ցանկանում է գրավել Ուկրաինայի ամբողջ տարածքը։ Միաժամանակ նա կրկին ընդգծել է ռուսական ագրեսիան հետ մղելու համար արեւմտյան ռազմական մատակարարումների կենսական նշանակությունը։
«Դուք կարող եք մեզ ավելի շատ օգնել, որպեսզի մենք հաղթենք»,- ասել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Արեւմուտքին բազմամիլիարդանոց օգնության համար, որը նրանք արդեն տրամադրել են եւ խոստովանել, որ առանց Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինան չէր գոյատեւի։
Ուկրաինայի ամբողջ տարածքը նվաճելու՝ Պուտինի ծրագրի մասին հունվարի 19-ին հայտարարել էր նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Գերմանական BILD պարբերականին տված հարցազրույցում Պոդոլյակը շեշտել էր, որ Պուտինը չի բավարարվի ամբողջ Ուկրաինան նվաճելով, ավելին՝ կփորձի գերիշխանության հասնել Եվրոպայում եւ նվաճել հետխորհրդային այլ տարածքներ: «Մարդը չի գնա մեծ պատերազմի՝ ոչնչացնելով իր հեղինակությունն ու հարաբերությունները, եթե պատրաստ է բավարարվելու քչով»,- ասել է խորհրդականը: