Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ամփոփել է աշխատանքային գործունեության մեկ տարին: Նա մանրամասն ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Անդրադառնալով մարզի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկին՝ անօթեւանությանը, մարզպետը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ճշգրտված տվյալներով երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակներում դեռեւս հաշվառված է 1227 ընտանիք, որից 1016-ը Գյումրիում:
Բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնել է 7 ընտանիք։
«Մեզ համար կարեւոր խնդիրներից են նաեւ Գյումրու վթարային շենքերը, որտեղ, ցավոք, դեռ ընտանիքներ են բնակվում: ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդրի փուլային տարբերակով լուծման համար։ Բնակիչների հետ մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Անձամբ այցելել եմ նրանց, փորձել որոշ դեպքերում տեղային լուծումներ գտնել, մինչեւ խնդրի վերջնական լուծումը»,-ասել է Մուշեղ Մուրադյանը։
Չորրորդ կարգի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 26-ում, այս պահին փաստացի 10 ընտանիք է ապրում: Մարզպետը հայտնել է, որ նրանց բնակարանային խնդիրը լուծելու նպատակով շրջանառվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է նրանց տրամադրել բնակարանի գնման վկայագրեր:
Ավարտվել են եւս մեկ վթարային՝ Տիգրան Մեծ 5 շենքի 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները: Նախահաշվային արժեքը 752 մլն դրամ է։
Համայնքների ղեկավարները լրամշակել եւ 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաստատել են բնակավայրերում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված ոչ հիմնական շինությունների ցուցակները. ըստ այդմ՝ մարզում առկա է 2964 ոչ հիմնական շինություն՝ ամենաշատը՝ Գյումրիում է՝ 2648-ը:
Մարզում նախորդ տարի ապամոնտաժվել է 80 ոչ հիմնական շինություն։
Շիրակի մարզի այլ ոլորտների մասին տեղեկություն կհաղորդենք հաջորդիվ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։