Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտորանական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հրավերով մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Պուտինը Չնաստանում կայցելի երկու քաղաք՝ Պեկին եւ Հարբին։
«Ռուսաստանի ղեկավարը կայցելի նաեւ Հեյլունցզյան նահանգի վարչական կենտրոն Հարբին քաղաք, որտեղ կմասնակցի ռուս-չինական ութերորդ EXPO-ի եւ Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-չինական չորրորդ ֆորումի բացման արարողությանը, կհանդիպի Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության տեքստում։
Հաղորդվում է, որ այցը նվիրված է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75 ամյակին։
«Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը կմասնակցեն գալա երեկոյին՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին եւ Ռուսաստանի եւ Չինաստանի մշակույթի տարիների բացմանը»,-ընդգծվում է հայտարարության մեջ։