Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ կապված Վրաստանի խորհրդարանի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ։
Բրյուսելում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ Միշելն ընդգծել է Զուրաբիշվիլիի առանձնահատուկ դերը Վրաստանում բեւեռացումը հաղթահարելու գործում եւ շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ գործադրած բոլոր ջանքերի համար։ Միաժամանակ նա Կոբախիձեին կոչ է արել շարունակել «քաղաքական տուրբուլենտներից» դուրս գալու ուղիների որոնումը։
Միշելն ընդգծել է, որ վրաց ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, եւ դրան կարող է նպաստել համարձակ քաղաքական ղեկավարությունը։
Նա նշել է, որ Վրաստանը չպետք է վտանգի իր եվրոպական ապագան՝ հանուն որեւէ խաղացողի կարճաժամկետ քաղաքական օգուտների։
ԵՄ-ն հստակ եւ բազմիցս հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ոգին եւ բովանդակությունը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին եւ արժեքներին: Միշելը վրացական իշխանություններին հիշեցրեց, որ Եվրախորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել՝ հավատալով, որ առաջընթաց կգրանցվի Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականով սահմանված համապատասխան քայլերի իրականացման գործում: Դրանք ներառում են մարդու իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների լիարժեք գործունեությունը ապահովելու առաջարկություններ:
«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ Միշելն ընդգծել է, որ շարունակելու է ակտիվորեն մասնակցել հնարավոր լավագույն լուծումը գտնելու եւ Վրաստանի եվրոպական ապագային աջակցելու գործում։ Նա այժմ խորհրդակցություններ է վարելու ԵՄ պաշտոնյաների հետ, այն հարցերի շուրջ թե ինչպես «լուծել չլուծված խնդիրները»:
X սոցիալական ցանցում Հեռախոսազրույցների մասին Միշելը գրել է․ «Վերահաստատել եմ լիակատար աջակցությունը վրացիներին եվրոպական ապագայի ձգտմանն աջակցելու հարցում, այդ թվում՝ օգնելով գտնել ավելի լավ միջոց՝ լուծելու բոլոր կողմերի օրինական մտահոգությունները»։
Discussed the current situation in Georgia today with 🇬🇪 President @Zourabichvili_S over the phone, followed by a call with 🇬🇪PM @PM_Kobakhidze.
Reiterated my full support in continuing to help Georgians to work towards a European future, including by helping to find the best…
— Charles Michel (@CharlesMichel) May 15, 2024