ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կրկին կոչ է անում «անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորված անձանց եւ հարգել բոլոր մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնաով Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններին։
Պատասխանելով լրագրող եւ տնտեսական մեկնաբան Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալության մասին TURAN-ի հարցին Միլլերը ասել է, որ Վաշինգտոնում «խորապես անհանգստացած են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալությունից»։
«Նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը, չպետք է ձերբակալվեն դրա համար»,-նշել է Միլլերը։
Ըստ Նյու Յորքի «Լրագրողների պաշտպանության կոմիտեի»՝ Ադրբեջանը վերջին ամիսներին վերսկսել է հարձակումը անկախ լրատվամիջոցների վրա՝ ձերբակալելով առնվազն մեկ տասնյակ լրագրողների AbzasMedia, Kanal 13 եւ Toplum TV լրատվամիջոցներից։