Հյուսիսային Ֆրանսիայում մեկնարկել են հիշատակի միջոցառումները՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների դեսանտավորման գործողության 80-ամյակին, որը այդ ժամանակ հնարավորություն տվեց նացիստական Գերմանիայի դեմ Արեւմտյան Եվրոպայում բացել ցամաքային երկրորդ ճակատը:
Տոնակատարությունները սկսվել են Վեր սուր Մերից, որտեղ գտնվում է Նորմանդիայում զոհված բրիտանացի զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան։
Իր ելույթում թագավորը կոչ է արել հիշել պատմության դասերը եւ «դիմակայել բռնակալությանը»։
Այնուհետեւ հիշատակի միջոցառումներ են անցկացվել այն վայրերում, որտեղ գտնվում են կանադական եւ ամերիկյան զինվորականների հուշահամալիրները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արարողություններին միացել է Քոլվիլ սյուր Մերում, որտեղ թաղված են հարյուրավոր ամերիկացի զինվորականներ։ Նա Ֆրանսիա է եկել կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահը զրուցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ եւ Մակրոնի հետ միասին հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Միջոցառումներին մասնակցելու համար Ֆրանսիա է ժամանել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանի ներկայացուցիչները արարողություններին չեն հրավիրվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական կողմին չեն կարող հրավիրել Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով։
Միջոցառման ուշադրության կենտրոնում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները։ Պատերազմի մոտ 200 մասնակիցներ են ժամանել Նորմանդիա, հիմնականում՝ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։ Նրանցից շատերը 100 տարեկանից բարձր են։