Հուլիսի 26-ին Ալիք Մեդիայի սյունակագիր Վահրամ Աթանեսյանը «Բաքու-Հռոմ տրանզիտ» հոդվածում անդրադարձել էր նախօրեին Վատիկանի «L’Osservatore Romano» պաշտոնաթերթում Ռոսելա Ֆաբիանիի հրապարակած «Ճամբորդություն հին կովկասյան Աղվանքում. դեպի քրիստոնեության արմատները» հոդվածին՝ կասկած չունենալով, որ այն «գրվել է Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ»:
Այն ամբողջությամբ ներկայացնում էր Կովկասի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները՝ հայտնի աղավաղումներով։
Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ «L’Osservatore Romano»-ն հարկադրված է եղել իր էջերում տեղ տալու նաեւ Արեւմտյան Եւրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մշտական ներկայացուցիչ Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հոդվածին։
«Անցյալի վերարտադրությունն առաջին հերթին պահանջում է աղբյուրների եւ դրանց օգտագործման մեթոդների ճանաչում , դրանց նկատմամբ հավատարմություն՝ հակառակ պարագայում ստացվում է պատմության խեղաթյուրված եւ շեղված պատկեր։ Թյուրիմացությունն առաջանում է հատկապես այնտեղ, որտեղ դեռ ձեւավորված չէ պատմական փաստերի վերծանման միասնական մոտեցում»,- նշում է Նորին Սրբազնությունը։
Հոդվածում Տ. Խաժակ Արք. Պարսամեանը նկատում է, որ Ռոսելա Ֆաբիանին անտեսել է Հայաստանի գոյությունը՝ որպես Կովկասի հին թագավորություններից մեկի, որի հետ, ըստ դասական եւ հայկական բոլոր աղբյուրների՝ Աղվանքը սահմանակից էր։
«Քրիստոնեության Կովկաս ներթափանցումը եւ այդ տարածաշրջանում ձեւավորված երեք՝ աղվանից, հայ եւ վրաց ազգային եկեղեցիների միջեւ հարաբերությունները բարդ նյութ է, որը դեռեւս ամբողջությամբ պարզված չէ։ Կովկասյան քրիստոնեության ծագումն առաջին դարում համարվում է օրինականորեն ձեռք բերված ավանդություն, որը տարածաշրջանային բոլոր եկեղեցիներն ընդունում են եւ դրա մէջ տեսնում իրենց առաքելականության հիմնավորումը»,- շեշտել է Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մշտական ներկայացուցիչը։
Առանց սեփական կարծիքների ծանրությունը հաշվի առնելու՝ նման նյութերի շուրջ խոսելը, ըստ նրա՝ բարոյական խնդիր է առաջացնում։ Եվ հատկապէս մտահոգիչ է, երբ «պատմական փաստերը ներխուժում են իրականություն՝ սրելով լարվածությունը, պատճառ դառնալով հազարավոր մարդկանց մահվան եւ ստիպելով, որ տասնյակ հազար հայեր լքեն իրենց պատմական հայրենիքը»։
Տ. Խաժակ Արք. Պարսամյանը հիշեցրել է, որ աղվանական եկեղեցին 19-րդ դարի սկիզբին ենթարկվում էր Հայ եկեղեցուն։
Այս հարցի շուրջ հայտարարություն է տարածել նաեւ ՀԱԵ Արցախի թեմը՝ Վատիկանի պաշտոնաթերթին մեղադրելով Բաքվի քարոզչամեքենային ծառայություններ մատուցելու համար։