Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը աջակցել են Իսրայելին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հարցում։
«Սիոնիստական ռեժիմը Գազայի ճնշված եւ անպաշտպան բնակչության դեմ իր հանցավոր եւ ահաբեկչական գործողություններով, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական հյուր Հանիյեի սպանությամբ, ձգտում է հրդեհ բռնկել տարածաշրջանում եւ, ցավոք, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները, նրան դատապարտելու փոխարեն, աջակցեցին այս ռեժիմին իր հանցագործությունների, ցեղասպանության եւ սպանությունների հարցում»,-ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության տեքստում։
Իրանի նախագահը նշել է, որ եթե Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները իսկապես ցանկանում են վերջ տալ պատերազմին եւ անկայունությանը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն Իսրայելին զենքի վաճառքն ու աջակցությունը, ինչպես նաեւ ստիպեն այդ երկրին դադարեցնել հարձակումները Գազայի հատվածում։
Փեզեշքիանը որպես Թեհրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներ է անվանել «պատերազմից հրաժարվելը եւ աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությունը»՝ ընդգծելով, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանը երբեք չի լռի իր շահերի ու անվտանգության ոտնահարման դեմ»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։