Յահյա Սինվարի ընտրությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում կարող է բարդացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով արաբական կողմի անանուն բանակցողներին։
Նրանց տեղեկություններով՝ Սինվարը՝ որպես ՀԱՄԱՍ-ի առաջնորդ, կարող է խոչընդոտել Պաղեստինի Գազայի հատվածում խաղաղության հասնելու ԱՄՆ-ի ձգտումներին։ Նշվում է, որ կորդեգրի առավել «կոշտ եւ «մաքսիմալիստական դիրքորոշում»՝ հրեական պետությանը փոխզիջում ստիպելու համար։ Իր հերթին, աջակողմյան հայացքներ ունեցող իսրայելցի քաղաքական գործիչները, ինչպես գրում է պարբերականը, պահանջում են ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի ամբողջական ոչնչացում եւ Սինվարի ոչնչացում, ինչը դժվարացնում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համաձայնեցնել հնարավոր զինադադարի պայմանները։ ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը դարձել է իսրայելական զինվորականների թիվ մեկ թիրախը՝ բարդացնելով շարժումը ղեկավարելու եւ զինադադարի շուրջ բանակցություններ վարելու նրա կարողությունները, հավելել է WSJ-ն։
Երեքշաբթի օրը Սինվարն ընտրվել էր որպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։ Նա համարվում է շարժման ռազմական թեւի՝ «Իզեդդին ալ-Քասամ բրիգադների» եւ ՀԱՄԱՍ-ի «Մաջդ» ներքին անվտանգության կազմակերպության հիմնադիրներից մեկը, որը մասնագիտացած էր Իսրայելի հետ համագործակցող պաղեստինցիների դեմ պատժիչ գործողություններում։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։