Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել եւ դուրս են բերել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ գերեվարված վեց պատանդների մարմինները:
Բանակի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Յագեւ Բուխշտաբի, Ալեքսանդր Դանցիգի, Աբրահամ Մունդերի, Յորամ Մեցգերի, Նադավ Փոփլվելի եւ Հաիմ Փերիի մարմինները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Խան Յունիսի շրջանում:
Զինվորականները հաստատել են, որ Դանցիգը եւ Բուխստաբը մահացել են հուլիսի վերջին, իսկ Մեցգերը եւ Փոփլվելը ավելի վաղ՝ հունիսի սկզբին: Ենթադրվում է, որ բոլոր հինգն էլ սպանվել են Խան Յունիսում 2024 թվականի սկզբին, թեեւ նրանց մահվան հանգամանքներն անհայտ են:
Փրկարարական գործողությունն իրականացրել են Իսրայելի պաշտպանության բանակն ու Իսրայելի անվտանգության գործակալությունը։
Պատանդների ընտանիքների ֆորումը հայտարարել է, որ Գազայից մնացած 109 պատանդների վերադարձին «կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»:
«Իսրայելի կառավարությունը, միջնորդների աջակցությամբ, պետք է ամեն ինչ անի՝ ավարտին հասցնելու այն համաձայնագիրը, որը կողմերը քննարկում են այս օրերին»,-ասվում է հայտարարության մեջ։
Կահիրեում շարունակվում են նախորդ շաբաթ Դոհայում մեկնարկած հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով այսօր՝ օգոստոսի 20-ին ժամանել է Կահիրե, հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի «միջանկյալ առաջարկը» եւ կոչ է արել ՀԱՄԱՍ-ին անել նույնը։
Իսրայելը Գազայում ռազմական գործողությունները սկսել է ի պատասխան հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ աննախադեպ հարձակմանը, որի հետեւանքով զոհվել էր մոտ 1200 մարդ, իսկ 251-ը պատանդ է տարվել։
Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով, Իսրայելի գործողությունների հետեւանքով սպանվել է ավելի քան 40 հազար մարդ: