Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են երկրների միջեւ պետական սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
Փաստաթուղթը, որն ամբողջությամբ կոչվում է ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենք», ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր նախօրեին, իսկ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահականն է հայտնում այն նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրելու մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրեց հոկտեմբերի 23-ին։ Փաստաթուղթը օգոստոսի 30-ին ստորագրել էին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
ՀՀ Կառավարությունը փաստաթուղթը խորհրդարան էր ուղարկել սեպտեմբերի 26-ին՝ Սահմանադրական դատարանի կողմից այն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուց հետո։
Ըստ Կանոնակարգի՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սակայն չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին կարող են ներգրավել փորձագետների, փոխանակել քարտեզագրական եւ գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել եւ ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, իրականացնել սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով սահմանագծման աշխատանքներ եւ այլն։