Ուզբեկստանում hոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթեանակ է տարել գործող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՈւզԼիԴեՊ): Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ կուսակցությունը հավաքել է 35.75% ձայն եւ ստացել է 64 տեղ խորհրդարանի ստորին պալատում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտնել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկրորդ տեղում է «Միլիյ թիկլանիշ» դեմոկրատական կուսակցությունը՝ 18.82% ձայներով։ Սոցիալ-դեմոկրատական «Ադոլատ» կուսակցությունը ստացել է 16.20%, Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 17.11%, իսկ Էկոլոգիական կուսակցությունը՝ 13.12% ձայն։
Ընդհանուր արդյունքները հաշվի առնելով՝ ՈւզԼիԴեՊ-ը երկրի խորհրդարանի 150 տեղանոց ստորին պալատում կունենա 64, «Միլիյ թիկլանիշ»-ը՝ 29, «Ադոլատ»-ը՝ 21, ԺԴԿ-ն՝ 20, իսկ Էկոլոգիական կուսակցությունը՝ 16 տեղ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրություններին մասնակցության ցուցանիշը եղել է 74.72%։
Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 75 մանդատ բաշխվել է ըստ կուսակցական, 75-ը՝ միամանդատ ընտրատարածքների ցուցակի։ Իրական ընդդիմադիր ուժերի բացակայության դեպքում դրանք կարող են հանգեցնել միայն նախագահ Շավքաթ Միրզոեւին հավատարիմ օրենսդիր մարմնի հերթական ընտրությանը, որը ղեկավարում է Կենտրոնական Ասիայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը` սկսած 2016 թվականից:
Միրզոեւը ընտրողների շրջանում ժողովրդականություն ձեռք բերեց տնտեսության մեջ ազատական բարեփոխումների եւ քաղաքական, կրոնական ու մամուլի ազատությունների կտրուկ սահմանափակումների թուլացման շնորհիվ, որոնք գործում էին նրա նախորդ Իսլամ Քարիմովի օրոք: Այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունը մնում է կենտրոնացված նախագահի ձեռքում, իսկ խորհրդարանը միայն մեխանիկորեն է հաստատում նրա կառավարության մշակած օրենքները, նշում է Reuters գործակալությունը։