ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը անցյալ շաբաթ դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։ Այս շաբաթ այն արդեն պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերում։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվում է 11,050.1 մլրդ դրամ, այսինքն՝ տնտեսական աճը՝ 5.6 տոկոս, միջին գնաճը՝ 3.5 տոկոս, պետական բյուջեի եկամուտները՝ 2 տրիլիոն 873.1 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 759.9 միլիարդ դրամ: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 482.4 միլիարդ դրամ, պակասուրդը՝ 609.4 միլիարդ դրամ:
Տնտեսական աճի հարցերին անդրադառնանք մի փոքր ավելի հանգամանալից։ Հայաստանում նախորդ տարիներին «առաջանցիկ» տնտեսական աճ է գրանցվել, ընթացիկ տարում էլ, թեեւ կառավարության կանխատեսած 7-տոկոսանոց աճը չի արձանագրվել, ու Կառավարությունն իր կանխատեսումը իջեցրել է մինչեւ 5,8 տոկոս, միեւնույնն է, էլի աճ է արձանագրվելու․․․ վիճակագրորեն։
Տնտեսական աճը միայն ուրախալի է։ Բայց ավելի կարեւոր է հասկանալը, թե ինչի արդյունքում է աճել տնտեսությունը՝ արտադրության ու ծառայությունների ծավալի ընդլայնմա՞ն, նոր տեխնոլոգիաների ներդրմա՞ն, նոր ներդրումների ներգրավմա՞ն, նոր շուկաների նվաճմա՞ն, ստեղծվե՞լ են նոր աշխատատեղեր, տնտեսական աճի արդյունքում նվազե՞լ է աղքատությունը, ավելացե՞լ են մարդկանց եկամուտները, բարելավվե՞լ է հասարակության կյանքի որակը, ստեղծվե՞լ են նոր ու կարեւոր ենթակառուցվածքներ, թե ՞, օրինակ, գնաճի կամ վերաարտահանումների կամ մեր տնտեսական իրական պոտենցիալով չպայմանավորված այլ գործոնների պարագայում է արձանագրվել աճը։ Որովհետեւ կարող է նաեւ այնպես պատահել, որ տնտեսության կառուցվածքում, տնտեսական կյանքում ոչինչ էլ չի փոխվել, այլ պարզապես գնաճ է եղել կամ, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, կարճաժամկետ զարգացումների արդյունքում է գրանցվել տնտեսական աճ, կամ իրական աճ չի եղել, այլ պարզապես հարկային վարչարարության խստացման արդյունքում նախկինում «ստվերում» գործող սուբյեկտներն են եկել սպիտակ դաշտ ու փոխել վիճակագրությունը։
Նախ նշենք, որ թոշակների, նպաստների ավելացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվում, ինչպես որ ավելացում չեղավ այս՝ 2024 թվականին։ Հետեւաբար այս տարվա տնտեսական աճը հաջորդ տարի ՀՀ ամենախոցելի խավը՝ թոշակառուներն ու նպաստառուները, իրենց մաշկի, գրպանի վրա չեն զգա, իսկ եթե լինի գնաճ, ապա կզգան բացասական ազդեցությունը։
Մյուս կողմից՝ այս տարվա տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր նախորդ տարեվերջից մեծ թափ հավաքած ոսկերչական արտադրանքի Հայաստան ներմուծման ու դեպի երրորդ երկրներ վերաարտահանման երեւույթից։ Այդ միտումը գնալով նվազում է եւ մի ինչ-որ պահի կարող է իսպառ դադարել, եթե դեռ չի դադարել։ Իսկ իրական տնտեսության մեջ գործերն այնքան էլ խոստումնալից չեն՝ դատելով վիճակագրական ցուցանիշերի ընդհանուր պատկերից։ Այս տարվա ՀՆԱ-ն, որը, ըստ նախորդ տարվա բյուջեի կանխատեսումների, պիտի լիներ 10,5 տրիլիոն դրամ, կլինի 10,1 տրիլիոն դրամ կամ 405 մլրդ դրամով պակաս, քան Կառավարությունը պլանավորել էր բյուջեով։
Արդյունաբերության մեջ, որտեղ տարեսկզբին 25-30-տոկոսանոց աճ էր արձանագրվում, կանխատեսվում է ընդամենը 3,1 տոկոս աճ։ Այն էլ նախորդ տարվա 2,2 տոկոս անկումից հետո։ Այսինքն՝ արդյունաբերությունը դեռ փորձում է վերականգնել անկման ժամանակ կորցրածը։
Արտահանելի հատվածի ապրանքների արտադրության ծավալների կրճատումն ակնհայտ է արտահանման ցուցանիշերում։ Եթե արտահանման ընդհանուր ծավալից հանում ենք ոսկերչական ապրանքների վերաարտահանումները, ստացվում է բավականին էական նվազում, ինչը նշանակում է, որ առանց վերաարտահանումների մեր տնտեսությունը կորցրել է արտահանման պոտենցիալը, եւ տնտեսության արտահանելի հատվածի կարողությունները նվազել են։
Հաջորդիվ՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գնալով թուլանում է տնտեսության եւ քաղաքացիների եկամուտների աճի տեմպը․ մասնավոր հատվածում այս տարի միջին աշխատավարձի աճն ընդամենը 5 տոկոսի սահմաններում է։ Սրան զուգահեռ, դատելով վիճակագրական ցուցանիշերից, հիպոթեքային եւ սպառողական վարկերի աճի տեմպերն են արագացել։ Ասել է թե՝ մարդկանց եկամուտները չեն հերիքում անհրաժեշտ ծախսերը ծածկելու համար, եւ նրանք ստիպված տարբեր սպառողական եւ հիփոթեքային վարկեր են վերցնում, ինչը, բացի մեր քաղաքացիների կյանքի որակի վրա մեծ բեռ դնելուց, հետագայում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։
Գրեթե բոլոր ոլորտներում հաջորդ տարի աճի սպասումներն ավելի ցածր են կանխատեսվում, քան այս տարվա կանխատեսումներն էին։ Գյուղատնտեսության մեջ կանխատեսվում է 2,9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 5,8 տոկոս, շինարարության ոլորտում՝ 6,8 տոկոս, արդյունաբերության մեջ՝ 5,7 տոկոս աճ։ Մի շարք ոլորտներում էլ՝ զբոսաշրջություն, արտաքին առեւտուր, արտահանում, արտաքին գործոններով պայմանավորված, ռիսկերը կարող են դանդաղեցնող դեր ունենալ, քանի որ հիմնված են վերջին 2 տարիներին տնտեսական աճի վրա ազդեցություն ունեցած վերարտահանումների, անշարժ գույքի շուկայի բումի եւ ռելոկանտների մեծ հոսքերի գործոններով։ Իսկ այս գործոնները առաջիկայում դանդաղելու եւ մարելու են, հետեւաբար այդ գործոնների հիման վրա կանխատեսումներ անելը, մակրոտնտեսական տեսլական ձեւավորելը, բյուջե պլանավորելը լուրջ ռիսկեր են պարունակում։
Այս ամենով կարելի է դատել, որ բյուջեի կանխատեսումների հիմքերն այնքան էլ կայուն չեն, եւ Հայաստանի տնտեսությունը ամենեւին էլ երանելի ժամանակներում չի ապրում, որքան էլ որ «տնտեսական աճ» գրանցվի վիճակագրական հաշվետվություններում ու հրապարակումներում։
Գեւորգ Ավչյան