Լիբանանի շիայական «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է հրադադարի հաստատումից հետո ցանկացած պահի դուրս բերելու իր ուժերը իսրայելա-լիբանանյան սահմանից: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անանուն մնալ։
Զրուցակցի խոսքերով՝ միեւնույն ժամանակ լիբանանյան կողմը հրաժարվել է ապագայում «Հեզբոլլահի» դեմ գործողությունների ազատության պահպանման Իսրայելի ներկայացրած պահանջներն ընդունելուց։
Աղբյուրները նաեւ նշել են, որ Լիբանանում ԱՄՆ դեսպանը հինգշաբթի զինադադարի առաջարկի նախագիծ է ներկայացրել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին։ Սա Իսրայելի եւ «Հեզբոլլահ»-ի միջեւ մարտերը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջին գրավոր առաջարկն է, որը ենթադրում է այն իրականացնել մի քանի շաբաթվա ընթացքում։
Լիբանանցի պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ սա լիբանանյան կողմի դիտարկումները ստանալու համար ուղարկված նախագիծ է։ Իսկ Բեյրութում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ «Դիվանագիտական համաձայնության հասնելու ջանքերը շարունակվում են»:
Իսրայելի էներգետիկայի նախարար և անվտանգության կաբինետի անդամ Էլի Քոհենը Reuters-ի հետ զրույցում նույնպես ասել է, որ հրադադարի հավանականությունը ամենահեռանկարայինն է հակամարտության սկսվելուց ի վեր:
Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչ Ալի Հասան Խալիլն էլ ավելի վաղ Al Jazeera-ի հետ զրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին Սպիտակ տան բանագնաց Ամոս Հոքշտեյնի հետ Բեյրութում կայացած բանակցությունների ժամանակ լիբանանյան կողմը համաձայնության էր եկել հարդադարի վերաբերյալ «որոշակի տեքստի» շուրջ: Խալիլի համոզմամբ՝ Հոքշտեյնը պետք է այդ մասին հաղորդեր իսրայելական կողմին, իսկ հետո ցանկացած դիտողություն ուղարկեր Բեյրութ։
«Հեզբոլլահի» դեմ Լիբանանի տարածքում շարունակելով հարձակողական գործողությունները՝ իսրայելական օդուժը հինգշաբթի ավիահարվածներ է հասցրել շարժման գլխավոր հենակետ համարվող մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին: Միեւնույն ժամանակ, արդեն երեք օր է, ինչ շարունակվում են այդ շրջաների ինտենսիվ ռմբակոծությունները։
«Իսրայելը կդադարեցնի Սիրիայից «Հեզբոլլահին» զենք մատակարարելու ցանկացած փորձ»,- հինգշաբթի հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչ ադմիրալ Դենիել Հագարին։
«Մենք չենք հանդուրժի Սիրիայից «Հեզբոլլահին» զենք մատակարարելու փորձերը։ Մենք նաեւ հարվածներ ենք հասցնելու Սիրիայում հայտնաբերված այն ենթակառուցվածքին, որն օգտագործվում է «Հեզբոլլահին» զենքով ապահովելու համար»,- նշել է Հագարին:
Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։