Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում՝ կարծիք հայտնելով, որ Ղրիմի վերամիավորումը հնարավոր կարող է լինել դիվանագիտական ճանապարհով։
Ամերիկյան հեռուստաալիքի լրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք օկուպացված տարածքների մի մասը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության ներքո՝ որպես զինադադարի համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի մաս:
Նշյալ հարցին ի պատասխան Զելենսկին նշել է․ «Իրավականորեն չեն կարող Ուկրաինայի որեւէ օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական։ Խոսքն այդ թվում այն տարածքների մասին է, որոնք [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը օկուպացրել է 2014 թվականից՝ մինչ լայնամասշտաբ ներխուժումը։ Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, սա չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ դեռ այնպիսի ուժ չունենք, որպեսզի զենքը ձեռքներիս Պուտինին հետ շպրտենք 1991 թվականի գիծ»։
Լրագրողը Ուկրաինայի նախագահին նաեւ հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է հրաժարվելու Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի՝ «վերջ դնելու այս պատերազմին եւ դադարեցնելու արյունահեղությունը Եվրոպայում»։
«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու Ղրիմը։ Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը վատնել, որպեսզի նրանք զոհվեն Ղրիմը վերադարձնելու համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Զելենսկին։
Ղրիմը դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու մասին Ուկրաինայի նախագահը խոսել է դեռ 2022 թվականի սեպտեմբերին։ «Ուկրաինայում մարդիկ ավելի շատ են աջակցում այդ խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհին»,- հայտարարել էր այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը։ Միեւնույն ժամանակ, այլ մեկնաբանություններում նա նշել էր, որ Կիեւը Մոսկվայի հետ բանակցություններին պատրաստ կլինի, երբ Ուկրաինայի զինված ուժերը հասնեն 1991 թվականի սահմաններին։