Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է բրիտանական արտադրության «Storm Shadow» հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար։ Այդ մասին հայտնում են The Guardian-ը եւ Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը հրաժարվել է այս տեղեկությունը մեկնաբանելուց։
The Telegraph-ն էլ գրում է, որ «Storm Shadow» հրթիռի բեկորները հայտնաբերել են Կուրսկի մարզի Մարինո գյուղի բնակիչները։
«Storm Shadow» ենթադրյալ բեկորների լուսանկարները հրապարակել է նաեւ ռուսական «Два майора» տելեգրամյան ալիքը։
Նոյեմբերի 20-ի ցերեկը Կուրսկի մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը երկու ուկրաինական հրթիռ են խոցել՝ չնշելով հրթիռների տեսակը։ «Два майора» տելեգրամյան ալիքն էլ պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի ուղղությամբ արձակել են մինչեւ 12 «Storm Shadow» հրթիռ։
Ուկրաինական Defense Express նախագիծն էլ ենթադրում է, որ հրթիռներն արձակվել են Կուրսկի մարզում գտնվող Բարյատինսկի իշխանների պատմական կալվածքի վրա։ Նախագծի վերլուծաբանները ենթադրում են, որ այնտեղ կարող էր տեղակայված լինել հրամանատարական կետ, որն օգտագործել են Կուրսկի մարզում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունը եւ հյուսիսկորեացի գեներալները։
Նոյմեբերի 20-ին The Times-ը գրել էր, որ Միացյալ Թագավորության կառավարության բարձրաստիճան իր աղբյուրները «ակնարկել են», որ Ուկրաինայի կողմից բրիտանական «Storm Shadow» հեռահար հրթիռների օգտագործման համար ԱՄՆ սահմանափակումները հեռացվել են:
Նոյեմբերի 19-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր ՌԴ Բրյանսկի մարզում զինամթերքի պահեստի վրա հարձակման մասին։ Ավելի ուշ «РБК-Украина»-ն, հղում կատարելով ուկրաինական բանակի իր աղբյուրին, հայտնել էր, որ հարձակումն իրականացվել է ATACMS հրթիռներով Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա։ Լրատվականի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն էր, երբ ուկրաինացի զինվորականները հեռահար հրթիռներ էին կիրառել ՌԴ տարածքի ներսում տեղակայված թիրախներին հարվածելու համար։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 հեռահար ATACMS հրթիռներ են արձակել Բրյանսկի մարզում գտնվող ռազմական օբյեկտի վրա։