Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով այրվել են բնակելի շինություններ, տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ։
Հաղորդվում է, որ հունվարի 7-ի երեկոյան Լոս Անջելեսի արեւմուտքում, հյուսիս-արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում գրանցված հրդհեները չոր եւ քամոտ եղանակի պատճառով արագորեն տարածվել են: Քաղաքի հարակից շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոմանք դեմքի եւ ձեռքի այրվածքներ են ստացել։
Հրդեհները ներթափանցել են նաեւ Փըսիֆիք Փալիսեյդսի ափամերձ շրջանը, որտեղ բնակվում են հոլիվուդյան աստղերը եւ ամերիկացի քաղաքական գործիչները։ Վերջին տվյալներով՝ հրդեհն արդեն տարածվել է 1182 հեկտարի վրա։ Associated Press-ը հայտնում է, որ տեղի իշխանությունները չեն նշել այրված տների թիվը, սակայն հայտնել են, որ վտանգի տակ է ավելի քան 13 հազար շինություն, եւ տարհանվել է մոտ 30 հազար մարդ։
Reuters-ն էլ գրում է, որ ներկա պահին գործում է դեպի Փըսիֆիք Փալիսեյդսի ափամերձ շրջան տանող միայն մեկ մայրուղի, որն արգելափակվել է մեքենաների ծանրաբեռնվածության պատճառով։ Գործակալության տվյալներով բնակիչները թողել են մեքենաները եւ ոտքով հեռացել։ Արտակարգ իրավիճակների ծառայության տեղաշարժի համար ճանապարհները լքված մեքենաներից մաքրվել են բուլդոզերներով։
Տարհանումներ են իրականացվել նաեւ հրդեհների մյուս երկու գոտիներից։ Այժմ Լոս Անջելեսում գիշեր է, իշխանությունները կանխատեսում են, որ իրավիճակը կվատթարանա առավոտից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ հրդհեի տարածման պահին Լոս Անջելեսում է եղել, հայտարարել է հրդեհաշիջման աշխատանքների եւ հետեւանքների վերացման համար դրամաշնորհի տրամադրման մասին։
Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ գտնվում է Լոս Անջելեսը, մայիսից սկսած տեղումները ընդամենը կազմել են 2,5 միլիմետր: Ներկայում շրջանում փչող չոր քամիները նպաստում են եղանակի տաքացմանը եւ բարդացնում հրդեհի դեմ պայքարը։