Իսրայելը համաձայնել է մուսուլմանական Ռամադանի եւ հրեական Զատկի ընթացքում ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկին։ Այդ մասին ասվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Ուիթքոֆի առաջարկած ծրագրի համաձայն՝ հրադադարի առաջին օրը պետք է ազատ արձակվեն իսրայելցի պատանդների կեսը, զուգահեռաբար պետք է փոխանցվեն նաեւ մահացածների աճյունները։ Եթե կողմերը այս ընթացքում հասնեն մշտական զինադադարի համաձայնագրի ստորագրմանը, ապա ՀԱՄԱՍ-ը կազատի մնացած պատանդներին։
Ռամադանը, որը սկսվել է փետրվարի 28-ի երեկոյան, կտեւի մինչեւ մարտի 29-ը։ Զատկի տոնն էլ կավարտվի ապրիլի 19-ին։
Ութքոֆի խոսքերով` ժամանակավոր զինադադարի ծրագրի առաջարկը ներկայացվել է, քանի որ «այս փուլում կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու հնարավորություն չկա», եւ մշտական զինադադարի վերաբերյալ բանակցությունների համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։
Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ի տարբերություն Իսրայելի` ՀԱՄԱՍ-ը բազմիցս խախտել է պայմանավորվածությունները։ Վարչապետի գրասենյակը հիշեցնում է, որ Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում մարտի 1-ից հետո, եթե ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները համարվեն անարդյունավետ։
Մինչ այս պահը ՀԱՄԱՍ-ը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, համաձայնություն չի տվել Ուիթքոֆի ծրագրին։ «Եթե ՀԱՄԱՍ-ը փոխի իր դիրքորոշումը, Իսրայելը անմիջապես կմիանա բանակցություններին՝ ընդհանուր մանրամասները քննարկելու համար»,- հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ ժամանակավոր հրադադարի համաձայանագիր ստորագրեցին։ Ազատ արձակվեցին շուրջ 33 իսրայելցի պատանդներ գրեթե երկու հազար պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց։ Համաձայանգրի առաջին փուլը, որը տեւեց 42 օր, ավարտվեց մարտի 1-ին։
Համաձայնագրի երկրորդ փուլով նախատեսվում է բոլոր մնացած պատանդների ազատ արձակում։ Ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ի գերության մեջ մնում է 59 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ առնվազն 35 պատանդ մահացած է։
Երկրորդ փուլի շրջանակում նախատեսվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածից եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիական միջանցքից։