Լոնդոնում կիրակի կայացավ եվրոպական երկրների անվտանգության հարցերով մեծ գագաթնաժողովը։ Դրա ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այնտեղ հավաքված առաջնորդներին կոչ արեց ուժեղացնել իրենց երկրների պաշտպանական ջանքերը՝ ոչ միայն Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում կայունության հասնելու համար։
Լոնդոնում շուրջ երկու ժամ տեւած գագաթնաժողովին մասնակցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի ուշ նա հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։
Միջազգային հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան հինգ հազար ՀՕՊ հրթիռ ձեռք բերելու համար։ Այս հրթիռները կարտադրվեն Բելֆաստում։ Սթարմերը նշել է, որ այս ծրագրերի նպատակն է Ուկրաինայի հզորացումը, որպեսզի բանակցությունների ընթացքում Կիեւը հանդես գա առավել ամուր դիրքերից։ Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպայի համար եկել է Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում «գործելու ժամանակը»։
«Այսօր մենք կանգնած ենք պատմական ճամփաբաժանին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերի խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ համաձայնել են Ուկրաինայի հետ աշխատել «պատերազմի դադարեցման ծրագրի» վրա։ Որից հետո այս ծրագիրը կքննարկվի ԱՄՆ-ի հետ եւ կիրականացվի համատեղ։
Գագաթնաժողովի ժամանակ, ըստ Սթարմերի, առաջնորդները համաձայնեցրել են չորս կարեւոր քայլ.
- Շարունակել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, քանի դեռ պատերազմը շարունակվում է, եւ ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։
- Ցանկացած կայուն խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է բանակցությունների սեղանի շուրջը լինի։
- Խաղաղ համաձայնագիր կնքվելու դեպքում եվրոպական առաջնորդները կձգտեն կանխելու Ռուսաստանի ցանկացած հնարավոր ապագա ներխուժումը Ուկրաինա։
- Կստեղծվի «ցանկացողների կոալիցիա»՝ Ուկրաինան պաշտպանելու եւ երկրում խաղաղություն ապահովելու համար։
«Եվրոպան պետք է ստանձնի այս ծանր աշխատանքը, սակայն ԱՄՆ-ի աջակցությունն անհրաժեշտ է»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նա նաեւ ասել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ԱՄՆ-ը դարձել է անհուսալի դաշնակից։ «Չկան այնքան սերտ երկրներ, որքան մեր երկու երկրներն են»,- ընդգծել է Սթարմերը՝ խոսելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։ Նա հավելել է, որ Լոնդոնում կիրակի տեղի ունեցած քննարկումները կազմակերպվել են՝ հաշվի առնելով, որ եվրոպական երկրները Ուկրաինայի ծրագրի վրա աշխատում են ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնի աջակցությամբ։ Սթարմերը նշել է, որ շաբաթ օրը այս թեմայով զրուցել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Եվրոպայի անվտանգության համար կարեւոր է, որ մայրցամաքը սերտորեն համագործակցի ԱՄՆ-ի հետ»,- եզրափակել է բրիտանական կառավարության ղեկավարը։
Կիրակնօրյա հանդիպումը հաջորդել է Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններին։ Դրա հետեւանքով չեղարկվել էր հանքային ռեսուրսների վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի ստորագրումը։
Reuters-ը նշում է, որ Վլադիմիր Զելենսկուն, որը Լոնդոն էր ժամանել մարտի 2-ին, եվրոպացի առաջնորդները ջերմ ընդունելություն են ցուցաբերել եւ խոստացել ուժեղացնել իրենց աջակցությունը։ Լոնդոնյան գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը եղել է Թրամփի եւ Զելենսկու հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։
Գագաթնաժողովին մասնակցել են Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի կառավարությունների ղեկավարները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը։ Քննարկումներին մասնակցել են նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։