Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Լոնդոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել են Ուկրաինայում հրադադարի հաստատելու իրենց համատեղ ծրագիրը։
Ֆրանսիայի նախագահը Le Figaro-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է մեկամսյա զինադադար հաստատել «օդում եւ ծովում», ինչպես նաեւ դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, որպեսզի ավելի շատ ժամանակ ստանան պատերազմը կանգնեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։
Մակրոնը նշել է, որ հրադադարը չի տարածվի ցամաքային ռազմական գործողությունների վրա, քանի որ հաշվի առնելով ռազմաճակատի երկարությունը՝ «շատ բարդ կլինի» ապահովել կրակի ամբողջական դադարեցումը եւ հետեւել դրա պահպանմանը։
Ֆրանսիայի նախագահը ենթադրել է, որ եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայումը Ուկրաինայում տեղի կունենա ավելի ուշ, բայց «ոչ առաջիկա շաբաթներին», քանի դեռ երկու կողմերը չեն քննարկել համաձայնագրի մանրամասները։
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք այն չենք ցանկանում ցանկացած գնով՝ առանց երաշխիքների»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի 3-3,5%-ը ուղղեն պաշտպանության վրա, որպեսզի բավարարեն ներկայիս կարիքները, ինչը զգալիորեն բարձր է ՆԱՏՕ-ի սահմանած 2% թիրախային ցուցանիշից։
«Վերջին երեք տարիներին ռուսները իրենց ՀՆԱ-ի 10%-ը ծախսում են պաշտպանության վրա։ Այդ պատճառով մենք պետք է պատրաստվենք ապագային՝ սահմանելով 3% կամ 3.5% ՀՆԱ-ի թիրախային ցուցանիշ։ Սա շատ հեռու է այն 2%-ից, որին Ֆրանսիան մեծ դժվարությամբ է հասել, եւ որին եվրոպական շատ երկրներ դեռ չեն մոտեցել»,- ասել է Մակրոնը։