Թեհրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունների համար։
Նշենք, որ Al-Jazeera գործակալությանը տված հարցազրույցում Ֆիդանը նշել էր, որ Իրանը պետք է վերանայի Սիրիայի հարցով վարվող քաղաքականությունը եւ դադարեցնի ռազմականացված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը։
Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ արտգործնախարարության Միջերկրածովյան տարածաշրջանի եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի տնօրեն եւ արտգործնախարարի օգնական Մահմուդ Հեյդարին Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչի հետ հանդիպմանը հայտարարել է․ «Երկու երկրների ընդհանուր շահերը եւ տարածաշրջանի զգայուն պայմանները պահանջում են խուսափել կեղծ հայտարարություններից եւ անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների եւ լարվածության»։
Իրանցի պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ իսլամական առանցքային երկրները «կներդնեն իրենց առավելագույն ջանքերը՝ օգնելու դադարեցնել Իսրայելի ագրեսիան Պաղեստինի եւ տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի ժողովրդի դեմ»:
Դեսպանն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կենտրոնացած է Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանման եւ ընդլայնման վրա։
«Մենք նաեւ կարծում ենք, որ երկու երկրները պետք է սերտ համագործակցություն ունենան երկկողմ կապերը եւ տարածաշրջանային փոխգործակցությունները խթանելու, ինչպես նաեւ առկա սպառնալիքները հաղթահարելու համար»,- նշել է թուրք դիվանագետը։