Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է համագործակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ եւ ձգտում է հնարավորինս շուտ ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Զելենսկու սոցիալական ցանցերում։
«Մեզնից ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստելու բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությանը մոտենալու համար։ Ոչ ոք ավելի շատ չի ցանկանում խաղաղություն, քան ուկրաինացիները։ Իմ թիմը եւ ես պատրաստ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»,-ասվում է Զելենսկու հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ Կիեւը «պատրաստ է արագ աշխատելու՝ պատերազմին վերջ տալու համար»։ Նա ընդգծել է, որ խաղաղության ճանապարհին առաջին քայլերը կարող են լինել գերիների փոխանակումը եւ օդում ու ծովում հրադադարի հաստատումը։
Զելենսկին խոստովանել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը «չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր», եւ ափսոսանք է հայտնել դրա կապակցությամբ։ «Ցավալի է, որ այդպես ստացվեց։ Ժամանակն է ամեն ինչ ուղղելու։ Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունը եւ հաղորդակցությունը լինեին կառուցողական»,- նշել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան դեռ պատրաստ է ստորագրելու օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ վիճաբանությունից հետո հայտարարել էր, որ վերջինս ցանկանում է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմի շարունակություն։ Ամերիկայի նախագահը առաջարկել է Զելենսկուն «վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղությանը»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել էր, որ Զելենսկուց ներողություն են սպասում Սպիտակ տանը վիճաբանելու համար։ Ինքը՝ Ուկրաինայի նախագահը, BBC-ին ասել էր, որ մտադիր չէ ո՛չ ներողություն խնդրելու, ո՛չ էլ ափսոսանք հայտնելու։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ Թրամփի վարչակազմը մարտի 3-ին որոշում է կայացրել դադարեցնելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։