Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Եվրամիության (ԵՄ) անդամ, երկիրը պետք է ընտրություն կատարի։ Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սկզբից էլ ռուսական կողմը հստակ նշել է՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ. երկու կառույցում միաժամանակ լինելը անհնար է։ Եվ սա ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է, այլ օբյեկտիվ իրականություն, քանի որ որեւէ պետություն չի կարող միաժամանակ անդամակցել երկու մաքսային միության»,- նշել է դեսպանը։ Նա նաեւ հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ «Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին հիշեցնում է «Տիտանիկի» տոմս գնելը»։
ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքով՝ «կա իրողություն՝ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, եւ Ռուսաստանի Դաշնությունը երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է, ինչի մասին վկայում է վիճակագրությունը»։
«Ինչ կլինի ԵՄ-ում՝ ապագայի հարց է։ Մինչ այժմ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի դինամիկան բացասական ցուցանիշ ունի»,- ասել է դիվանագետը եւ ընդգծել, որ այս ընտրությունը հանրապետության ինքնիշխան իրավունքն է։
Հունվարի 9-ին Հայաստանի Կառվարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագիծը։ Արդեն փետրվարի 12-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատեց օրինագիծը։