Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պահպանում է աշխատանքային շփումները Երեւանի հետ, եւ կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ շարունակում են գործել։ Այդ մասին «Известия» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մենք պահպանում ենք աշխատանքային շփումները Երեւանի հետ։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ դաշնակից, եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ ուժի մեջ են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ուղերձներին, ապա հարաբերությունների ձեւաչափը չի փոխվել եւ մնում է նույնը»,- նշել է նա։
Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։