Միացյալ Նահանգները մտադիր չէ լքելու ՆԱՏՕ-ն, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ:
Ռուբիոն դատապարտել է «այն հիստերիան», որը, նրա պնդմամբ, հրահրում են լրատվամիջոցները՝ պնդելով, թե Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Ռուբիոն նաեւ կրկնել է Թրամփի պահանջը, որ դաշինքի բոլոր անդամ երկրները պետք է պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 5%-ը: Նա ընդգծել է, որ դա վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին:
Ներկա պահին ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի հասել ծախսերի այդ մակարդակին, պաշտոնապես առաջարկվող պաշտպանական ծախսերի ընթացիկ մակարդակը ՀՆԱ-ի 2%-ն է, իսկ որոշ երկրներ հայտարարել են դրանք մինչեւ 3% բարձրացնելու պատրաստակամության մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հանդիպման քննարկման թեմաներից մեկը կլինի դաշինքի անդամ երկրների տարածքի պաշտպանությունը ռուսական սպառնալիքից, որը, նրա կարծիքով, կշարունակվի պահպանվել նաեւ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Ռյուտեն ընդգծել է, որ ԱՄՆ-ին համարում է հուսալի դաշնակից:
ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ ընդգծել են, որ Եվրոպան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու անվտանգության համար:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ ԵՄ երկրները մտադիր են առաջիկա 4 տարիների ընթացքում պաշտպանության վրա լրացուցիչ ծախսելու 800 միլիարդ եվրո: Սա Եվրահանձնաժողովի առաջարկն է, որը դեռեւս չի հաստատվել:
Նախագահ Թրամփի որոշ հայտարարություններ նրա ընդդիմախոս քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները մեկնաբանել են որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգնություն չցուցաբերելու ցանկություն նրանց վրա հարձակման դեպքում, եթե այդ երկրները բավարար չափով միջոցներ չծախսեն պաշտպանության ոլորտում: