ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ուկրաինական հակամարտության հարցով Ռուսաստանի հետ «ընկնելու անվերջ բանակցությունների թակարդը»։ Այդ մասին, ըստ The Guardian-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովից հետո։
Նրա կարծիքով Վաշինգտոնը «շատ շուտով կիմանա», թե արդյոք Ռուսաստանը ձգձգում է ժամանակը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում։
«Մենք բավական շուտ, ո՛չ ամիսների, այլ մի քանի շաբաթվա ընթացքում կիմանանք, թե արդյոք Ռուսաստանը լուրջ է վերաբերվում խաղաղությանը։ Հուսով եմ, որ այդպես է»,- ասել է պետքարտուղարը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան «պատրաստակամություն է ցուցաբերել» բանակցությունների համար։
«Ռուսները գիտեն մեր դիրքորոշումը պատերազմն ավարտելու ցանկության վերաբերյալ, եւ նրանց պատասխաններից մենք շատ շուտով կտեղեկանանք՝ լուրջ են արդյոք նրանք տրամադրված իրական խաղաղության հասնելուն, թե հետեւում են ձգձգման մարտավարությանը։ Եթե դա ձգձգման մարտավարություն է, ապա նախագահը դրանում շահագրգռված չէ։ Եթե դա ձգձգում է, նախագահ Թրամփը չի պատրաստվում ընկնելու անվերջ բանակցությունների թակարդը»,- ավելացրել է Ռուբիոն։
Ապրիլի 1-ին Fox News-ը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը կարծում է, թե Ռուսաստանի իշխանությունները ձգձգում են Ուկրաինայում հրադադարի մասին բանակցությունները։ Դրա պատճառով ԱՄՆ նախագահը «հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սպիտակ տանը քննարկում են «ագրեսիվ պատժամիջոցների կիրառման» տարբերակը, որոնք կհարվածեն նավթ տեղափոխող ռուսական «ստվերային նավատորմին»։