Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 10-ից սկսած՝ Միացյալ Նահանգներից ներմուծվող բոլոր ապրանքների համար կսահմանվեն 34% լրացուցիչ մաքսատուրքեր։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Պեկինի նման որոշումը կայացվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի։
«ԱՄՆ-ի [մաքսատուրքերի] այս գործելակերպը չի համապատասխանում միջազգային առեւտրի կանոններին, լրջորեն խաթարում է Չինաստանի օրինական իրավունքներն ու շահերը եւ միակողմանի սպառնալիքների տիպիկ օրինակ է», — ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց, որ մաքսատուրքեր է սահմանում այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ ԱՄՆ նախագահը նշեց, որ «տասնամյակներ շարունակ» Միացյալ Նահանգները նվազեցրել է առեւտրային խոչընդոտները այլ երկրների համար, մինչդեռ այդ երկրները «հսկայական սակագներ են սահմանել» ամերիկյան արտադրանքի վրա։ Նրա ներկայացրած ցուցակում չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի չափը կազմել է 34%։
Չինաստանը դարձել է Թրամփի մաքսատուրքերից առավել տուժած երկրներից մեկը։ Սա Պեկինի նկատմամբ մաքսատորքերի արդեն երրորդ ալիքն է։ Այժմ չինական ողջ ներմուծումը հայտնվել է 54% մաքսատուրքի տակ։