Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը եւ Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարղանդում ընթացող ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում։
«Սեւ ծով ելքի համար կարեւոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբեւէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։
Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանների բացումը կախված է Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների արդյունքից։
Մինչեւ այսօր կյանքի չի կոչվել նաեւ 2022 թվականին Վիեննայում Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների միջեւ սահմանները երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու պայմանավորվածությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Նախիջեւանով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկներին, ապա Բաքուն դրանց չի արձագանքել։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից անխոչընդոտ միջանցք է պահանջում դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն՝ հայտարարելով, որ այն այպես թե այնպես բացվելու է։