Հայաստանի նախագահ Վահագան Խաչատուրյանը ստորագրել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը»։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահականը։
Մարտի 26-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանը ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը: Այն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռ փետրվարի 12-ին:
«Եվրաքվեի» առաջարկած օրենքի այս նախագիծը դեռ հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի ընթացքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել էր հունվարի 24-ին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ դա չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվեի անցկացում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պարզաբանել էր, որ օրինագիծը եղել է հասարակական նախաձեռնություն, որը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ: