Եվրամիության երկրները ԱՄՆ ներկայացուցիչներին զգուշացրել են, որ Ղրիմը երբեք չեն ճանաչի Ռուսաստանի մաս եւ չեն աջակցի Վաշինգտոնի միակողմանի այն քայլերին, որոնք ուղղված կլինեն թերակղզու բռնակցման ճանաչմանը։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպացի անանուն պաշտոնյային։
«Ղրիմը Ուկրաինա է»,- ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը AFP-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշում է Financial Times-ը, եվրոպացիների համար Ղրիմի բռնակցման ճանաչման գաղափարը, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ռազմական ուժով իրականացված առաջին տարածքային զավթում, մնում է անընդունելի, քանի որ դա կարող է խարխլել այն կարգը, որը երկար տարիներ ապահովել է խաղաղությունը։
Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը համարվում է ամենախոշոր զիջումը, որը Դոնալդ Թրամփը պատրաստ է անելու Վլադիմիր Պուտինի համար՝ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման նպատակով։
«Ղրիմը եւ [Ուկրաինայի] ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները մեզ համար կարմիր գծեր են։ Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,- հայտարարել է ԵՄ մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ Financial Times-ին։
Աղբյուրների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի խոշորագույն եվրոպական տերությունները պետք է «համոզեն» Վաշինգտոնին՝ չճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս միակողմանի կարգով։
«Լավագույն դեպքում [ԱՄՆ-ին] չի հաջողվի հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության, եւ ամեն ինչ պարզապես կթելադրվի Ուկրաինային։ Ահա այդ ժամանակ Եվրոպան ստիպված կլինի ընտրություն կատարել [Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ]»,- ասել է FT-ի զրուցակիցը։
Ապրիլի 23-ին Լոնդոնում նախատեսված էին Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների բանակցությունները, որոնք պետք է նվիրված լինեին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։ Հանդիպումից մեկ օր առաջ ԶԼՄ-ները բացահայտեցին, որ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանն ընդգրկում է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու առաջարկ։ Վլադիմիր Զելենսկին մամուլի միջոցով արձագանքեց՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի ճանաչում թերակղզու օկուպացիան։
Արդյունքում բանակցությունները Լոնդոնում ձախողվեցին. դրանք անցկացվեցին ոչ թե արտգործնախարարների, այլ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում Ուկրաինայից չի պահանջում ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը։