Սպիտակ տան կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որտեղ «ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառված է «Մեծ եղեռն» (Meds Yeghern) եզրույթը:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ընթացքում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին եւ մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար»,- ասվում է Թրամփի ուղերձում:
Ըստ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ը նաեւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների ամուր եւ հարատեւ կապերի մասին խորհելու օր է։
«Մենք հպարտ ենք 1915-ին հիմնադրված Հայկական եւ սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարեւոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, որոնք օժանդակեցին եւ կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,- նշված է ուղերձում։
«Այս օրը՝ ողբերգությանը դեմ հանդիման, ականատես ենք լինում նաեւ հայ ժողովրդի ուժին ու ամրությանը»,- ավում է Թրամփի ուղերձի տեքստում եւ ավելացվում՝ ԱՄՆ-ում երջանիկ են, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են այնտեղ եւ մեծ ներդրում ունեցել երկրի կյանքում որպես ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ եւ հաջողակ գործարարներ:
ԱՄՆ նախագահը նաեւ վստահեցրել է, որ իր վարչակազմը շարունակում է հանձնառու մնալ կրոնական ազատությանն ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը եւ տարածաշրջանային կայունության պահպանմանը՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման եւ անվտանգության»,- ասվում է ուղերձի եզրափակիչ հատվածում: