Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թողնում է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը եւ հեռանում քաղաքականությունից։
Այս մասին հայտարարել է ինքը՝ Ղարիբաշվիլին, ուրբաթ կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ։
«Պատվավոր առաքելությունը, որը ինձ վստահվել էր քաղաքականություն վերադառնալուց հետո, նախ՝ որպես պաշտպանության նախարար, ապա՝ երկրորդ անգամ որպես վարչապետ եւ վերջում՝ որպես կուսակցության նախագահ ընտրվելով, իմ կարծիքով, ես կատարել եմ։ Այժմ ես այլեւս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալու կուսակցության նախագահի պաշտոնում եւ առհասարակ՝ քաղաքականությունում, ուստի որոշում եմ կայացրել լքել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը եւ հեռանալ քաղաքականությունից։ Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին այլ դիրքից»,- նշել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին իր խոսքում նաեւ մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրին, կուսակցության փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ իրեն «Վրաստանին ծառայելու բացառիկ հնարավորություն տրամադրելու համար՝ երկրի ամենաբարձր քաղաքական պաշտոնները զբաղեցնելով»։
Իրակլի Ղարիբաշվիլին 2012-ից՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման սկզբից, մասնակցել է դրա գործունեությանը, երկու անգամ զբաղեցրել Վրաստանի վարչապետի եւ կուսակցության նախագահի պաշտոնները։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում զբաղվելու է մասնավոր ձեռնարկատիրությամբ՝ խոստանալով մանրամասները հայտնել ավելի ուշ։ Նա նաեւ չի նշել, թե ով է իրեն փոխարինելու «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում։
Ղարիբաշվիլին բացառում է քաղաքականություն վերադարձը ընդդիմադիր քաղաքական ուժերի շարքերից։
2012-2013 թվականներին Ղարիբաշվիլին զբաղեցրել է Վրաստանի հասարակական կարգի նախարարի պաշտոնը, 2013-2015-ին առաջին անգամ գլխավորել է կառավարությունը, 2019-2021-ին եղել է պաշտպանության նախարար, իսկ 2021-2024-ին՝ երկրորդ անգամ ընտրվել վարչապետի պաշտոնում։