Պաշտոնական Փհենյանը առաջին անգամ հայտարարել է Ուկրաինայի դեմ պատերազմին Կորեայի Ժողովրդավական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ/Հյուսիսային Կորեա) զինված ուժերի մասնակցության մասին։
«Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովը վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջեւ անպարտելի ռազմական գործընկերությունը, որը հաստատվել է արյունով՝ պատերազմի հրի մեջ, կշարունակի մեծ ներդրում ունենալ ռուս-կորեական բարեկամության ու համագործակցության ընդլայնման եւ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»,- ասվում է ԿԺԴՀ պետական լրատվական գործակալության կողմից մեջբերվող հայտարարության տեքստում։
Այս տեղեկության հրապարակումը հաջորդում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի շաբաթ օրը արած հայտարարությանը, որտեղ նա ներկայացրել էր Կուրսկի մարզում ծավալված մարտերին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության մասին։
Զեկուցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կուրսկում տիրող իրավիճակի մասին՝ նա հայտարարել էր, որ «Հյուսիսային Կորեայի զինվորական անձնակազմը զգալի օգնություն է ցուցաբերել մարզի ազատագրման գործում»։
Ինչպես նշվում է կորեական կողմի հաղորդագրության մեջ, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը «ռուսական կողմին տեղեկացրել է», որ Փհենյանը Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակը համարել է երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան, որով նախատեսվում է փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնվելով այս դատողությունների վրա՝ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) ստորաբաժանումներին հրամայել է «Ռուսաստանի զինված ուժերի հետ համագործակցելով հաղթել եւ ոչնչացնել ուկրաինացի նեոնացիստ զավթիչներին եւ ազատագրել Կուրսկի մարզի տարածքները»։
«Անգին հաղթանակը, որը մեկ խրամատի մեջ ուս ուսի տված, արյուն հեղելով նվաճեցին երկու երկրների՝ ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, վերջ դրեց Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի իննամսյա օկուպացիային եւ խափանեց արեւմտյան ուժերի եւ ուկրաինական իշխանությունների արկածախնդիր ռազմաքաղաքական փորձերը»,- ասվում է Հյուսիսային Կորեայի ռազմական կոմիտեի հաղորդագրության տեքստում, որը կրկին մեջբերում է պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է նաեւ, որ շուտով Փհենյանում «կկառուցվի հուշարձան՝ ի պատիվ ԿԺԴՀ-ի հպարտ որդիների հերոսության, իսկ զոհված զինվորների գերեզմանների մոտ կդրվեն Հայրենիքի եւ ժողովրդի ծաղիկները, ովքեր ցանկանում են նրանց անմահությունը»։
Հյուսիսկորեացի զինվորականների շրջանում կորուստների մասին հաղորդագրության մեջ չի նշվում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի շնորհակալություն հայտնեց Հյուսիսային Կորեայի բանակի ստորաբաժանումներին, որոնք մասնակցություն էին ունեցել Կուրսկի մարզում տեղի ունեցած ռազմական գործողություններին։
«Մենք արժանին ենք մատուցում կորեացի զինվորների հերոսությանը, հատուկ պատրաստվածության բարձր մակարդակին եւ նվիրվածությանը, ովքեր ռուս զինվորների հետ ուս ուսի տված պաշտպանեցին մեր հայրենիքը, ինչպես սեփականը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Պուտինի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Ռուսաստանը «կպատվի կորեացի հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհաբերել են Ռուսաստանի համար»։
ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն, ստորագրվել է 2024 թվականի հունիսին՝ Պուտինի Փհենյան կատարած այցի ընթացքում։ Օգոստոսին ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի Կուրսկի մարզում սկսել էին ռազմական գործողություններ իրականացնել՝ գրավելով զգալի տարածքներ։ Հոկտեմբերին հայտարարվեց Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պայմանագրի վավերացման մասին, եւ գրեթե միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին սկզբում հյուսիսկորեացի զինվորների Ռուսաստան տեղափոխման, այնուհետեւ նաեւ մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ։