Տալին կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:
Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նա նաեւ նշել է հայ եւ էստոնացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ երկրների միջեւ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են միջպետական օրակարգը զարգացնելու եւ քաղաքական երկխոսությունը նոր որակի հասցնելու հանձնառության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության եւ արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Փաշինյանը կարեւորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը եւ փորձի փոխանակումը:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ Կառավարության՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաեւ Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալար Կարիսն էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության ընդլայնման շուրջ: