Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է այլ երկրների իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը հարգելու գաղափարը՝ այն անվանելով միջազգային իրավունքի առաջին եւ ամենակարեւոր սկզբունքը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցին։
«Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ չունենանք որեւէ հավակնություն տարածքի նկատմամբ», — ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ վեճերը սկսվում են, երբ մի կողմը ցանկանում է զավթել մյուսների հողերը։
Փեզեշքիանը նաեւ նշել է, որ Իսլամական Հանրապետությունը վաղուց է ձգտում, որ Երեւանն ու Բաքուն երկխոսության միջոցով լուծեն հակասությունները եւ ապրեն խաղաղության մեջ։
«Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ, բնականաբար, նույն շրջանակներում պաշտպանում ենք նաեւ Հայաստանի իրավունքները»,- նշել է Իրանի նախագահը։
Նա նաեւ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապերի հաստատման հարցին։ «Նախագիծը արագ է զարգանում։ Այն արդեն համաձայնեցված է, եւ Իրանի տարածքի եւ Ադրբեջանի ցամաքային մասի՝ Նախիջեւանի միջեւ կապ ստեղծելու հարցում որեւէ խնդիր չի լինի»,- նշել է Փեզեշքիանը։