Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է բխի Կիեւից»: Այս մասին գրում է «Интерфакс»-ը։
«Կիեւը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ նշելով, որ Ուկրաինայի օրենսդրության մեջ ամրագրված է Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը։ «Մինչ այժմ ոչ մի գործողություն չենք նկատում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պուտինը բազմիցս է հայտարարել, որ իր գնահատմամբ նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը «ավարտվել է», քանի որ Ուկրաինայում նոր ընտրություններ չեն անցկացվել։ Նա նշել է, որ մինչ իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր ստորագրելը Մոսկվան պետք է հասկանա, թե «ում հետ կարող է եւ պետք է գործ ունենա»։
Ելույթ ունենալով 2025 թվականի փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Զելենսկին ասել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակներում կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսական իշխանությունները նաեւ բազմիցս հիշատակել են Զելենսկու հրամանագիրը, որով արգելվում են Պուտինի հետ ուղիղ բանակցությունները։ Զելենսկին, մեկնաբանելով այդ պնդումները, ընդգծել է, որ արգելքը վերաբերում է «բոլորին»՝ բացի իրենից: