Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի պայմանը ոչ միայն Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումն է, այլեւ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի բռնակցման փաստի հետ միջազգային հանրության համաձայնությունը։
Բրազիլական «Գլոբո» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարարը դա անվանել է «իմպերատիվ», այսինքն՝ անբեկանելի պահանջ։
«Ղրիմի, Սեւաստոպոլի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի մարզի եւ Զապորոժիեի ռուսական պատկանելության միջազգային ճանաչումը իմպերատիվ է»,- Լավրովի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։
Դիվանագետը նաեւ թվարկել է այլ պայմաններ, որոնք առաջ է քաշում ռուսական կողմը՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Այդ պահանջները հետեւյալն են․
- «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառում եւ իր կողմից չեզոք, ոչ բլոկային կարգավիճակի հաստատում»,
- «2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքով Կիեւում ձեւավորված նեոնացիստական ռեժիմի կառավարման հետեւանքների հաղթահարում, որը ներառել է ռուսական ամեն ինչի՝ լեզվի, լրատվամիջոցների, մշակույթի, ավանդույթների, կանոնական ուղղափառության օրենսդրական եւ ֆիզիկական ոչնչացման գործողություններ»,
- «Ուկրաինայի դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա»,
- Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների եւ դատական հայցերի, այդ թվում՝ ղեկավարների ձերբակալության մասին վճիռների չեղարկում,
- Արեւմուտքի կողմից սառեցված Ռուսական հաշիվների վերադարձ,
- «ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ դրանց առանձին անդամ պետությունների կողմից Ռուսաստանի արեւմտյան սահմաններին թշնամական գործողությունների հետեւանքով ստեղծված սպառնալիքներից անվտանգության հուսալի երաշխիքներ»,
- «Կիեւի բոլոր պարտավորությունները պետք է իրավականորեն ամրագրված լինեն, ունենան կիրառման մեխանիզմներ եւ անվերապահ բնույթ»։
Նախօրեին էլ CBS հեռուստաալիքի հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք էր հայտնել նաեւ խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրի մեկ այլ կետի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկում է Զապորոժիեի ատոմակայանը, որը Ռուսաստանի զինված ուժերը գրավել էին Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբում՝ 2022 թվականին, հանձնել Վաշինգտոնի վերահսկողությանը։ Լավրովը նշել է, որ դա անհնար է, քանի որ «Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարումը իրականացվում է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից, ԱԷՄԳ անձնակազմի մշտական ներկայությամբ, որը մշտադիտարկում է իրականացնում կայանի տարածքում»։