• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Նյու Յորքի հանրային գրադարանի փրկիչը

aliq 16:45 | 19.04.2021
aliq 16:45 | 19.04.2021
Vardan Gregoryan

Գիտնական, համալսարանների ղեկավար եւ գրադարանների նվիրյալ Վարդան Գրեգորյանը, որն անցյալ դարի ութսունականներին, կարելի է ասել, փրկեց Նյու Յորքի գրադարանը, անցած հինգշաբթի մահացավ Մանհեթենում: Նա 87 տարեկան էր: «Ալիք Մեդիան» ներկայացնում է հատված The NewYork Times պարբերականում Վարդան Գրեգորյանի կյանքին ու գործունեությանն արված ծավալուն անդրադարձից։ Հեղինակը ամերիկացի հայտնի լրագրող, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Դ. Մակֆադդենն է։

Վարդան Գրեգորյանը 2009-ին: Փայլուն պատմաբանը եւ մանկավարժը ղեկավարում էր Բրաունի համալսարանը եւ Քարնեգի կորպորացիան, բայց նրա նվաճումների պսակը եղավ Նյու Յորքի հանրային գրադարանի վերականգնումը:

Ջոն Մարշալ Մանթել. The New York Times

Դոկտոր Գրեգորյանը սիրում էր պատմել իր «կյանքի ամենացավոտ փորձառության» մասին: Դա տեղի էր ունեցել 1980 թվականին, երբ նա Փենսիլվանիայի համալսարանի ռեկտորն էր:

Հոգաբարձուներն ասացին, որ նա փոխարինելու է պաշտոնաթող նախագահին: Նա այնքան վստահ էր, որ մնալու է այդ պաշտոնում, որ իր անունը հետ կանչեց Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ղեկավարի հավակնորդների ցանկից:

Վատ լուրը լսեց իր մեքենայում ռադիոյով: Փենսիլվանիայի հոգաբարձուներն ընտրել էին ակադեմիական մեկ այլ աստղի: Հաջորդ օրը նա հրաժարական տվեց: Պաշտոնաթող նախագահը փորձեց նրան հետ պահել որոշումից, բայց դա անօգուտ էր:

«Ես նրան ասացի, որ կարող եմ հաղթահարել մերժումը, բայց ո՛չ վիրավորանքն ու նվաստացումը»,- գրել էր դոկտոր Գրեգորյանը իր «Ճանապարհ դեպի տուն. իմ կյանքը եւ ժամանակները» հուշագրության մեջ (2003):

Դոկտոր Գրեգորյանը մարտիկ էր. հպարտ, խորաթափանց, հմայիչ, փայլուն պատմաբան եւ մանկավարժ, որը համեստ արմատներից բարձրացավ եւ խոսեց յոթ լեզուներով, նվաճեց պատվո շքանշաններ եւ վարեց Կոլումբիայի, Միչիգանի եւ Մայամիի համալսարանների ղեկավարների պաշտոնները:

Նա ընդունեց Բրաունի համալսարանի նախագահությունը (1989-1997)՝ այն դարձնելով Ivy League-ի ամենահայտնի հաստատություններից մեկը։ Այդ ժամանակից ի վեր նա զբաղեցնում էր Նյու Յորքի Carnegie Corporation-ի նախագահի պաշտոնը՝ լինելով կրթության ոլորտի մեծագույն բարերար:

Բայց նա առավել հայտնի էր Նյու Յորքի հանրային գրադարանը հարկաբյուջետային եւ բարոյական ճգնաժամից հարություն տալու գործով: Դա արմատական, միջին կարիերայի փոփոխություն էր՝ ակադեմիական տիրույթից ռիսկային անցում դեպի Նյու Յորքի բարձրաստիճան սոցիալ-քաղաքական մրցադաշտ, որտեղ բյուջե բաժանողների դանակները դուրս էին տասնամյակների բարոյական նորմերից, որտեղ հանդիպելու էր քաղաքային համայնքի 1970-ականների սնանկ վիճակին եւ մերժումների:

Vardan Gregoryan

Դոկտոր Գրեգորյանը 1981-ին Էնդրյու Հեյսկելի հետ. Time Inc-ի նախկին նախագահ, որը դարձավ Նյու Յորքի վերակենդանացված հանրային գրադարանի նախագահը: Վիլյամ Սաուրո. The New York Times

1981-ին, երբ դիմեցին դոկտոր Գրեգորյանին, գրադարանի Մանհեթենի 83 մասնաճյուղերը, 42-րդ փողոցի եւ 5-րդ պողոտայի, Բրոնքսի եւ Սթեյթեն կղզում գտնվող հիմնական հետազոտական շենքը ամբողջովին ավերված էին: Դիքենսիայի քայքայվող պահոցը` 7,7 միլիոն գիրք (մեծությամբ աշխարհի վեցերորդ հավաքածուն՝ հազվագյուտ եւ արժեքավոր), փոշու մեջ էր:

Ցածր վարձատրվող, գերբեռնված անձնակազմը բարոյալքված էր: Gottesman-ի գեղեցիկ ցուցասրահը բաժանված էր խցերի`անձնակազմի եւ հաշվապահության համար: Կեղտոտ ջահերից ու լուսատուներից բացակայում էին լամպերը: Հոգաբարձուների խորհրդի սենյակում հնամաշ վարագույրները պատռվում էին դիպչելուն պես: Համբերություն ու տոկունություն խորհրդանշող՝ մարմարյա կայսերական առյուծները եւ նրանց պաշտպանած դարպասները կեղտոտված էին: Շենքի հետնամասի Բրեյանտ Պարկը վերածվել էր թմրավաճառների եւ կավատների հավաքատեղիի եւ մութն ընկնելուն պես վտանգավոր էր դառնում: Հիմնական խնդիրները, սակայն, ակնհայտ չէին։

Գրադարանը 50 միլիոն դոլարի պակասորդ ուներ եւ չուներ քաղաքական որեւէ ազդեցություն: Նրա հաճախորդները գիտնականներ, երեխաներ եւ քաղաքացիներ էին, որոնք սիրում էին կարդալ: Քաղաքն այնքան մեկուսացված էր գրադարանից, որ հինգշաբթի օրերին հիմնական մասնաշենքը փակվում էր, իսկ որոշ մասնաճյուղեր բաց էին շաբաթվա ընթացքում ընդամենը ութ ժամ:

Դոկտոր Գրեգորյանի համար մարտահրավերն անդիմադրելի էր: Գրադարանն իր պես վիրավորանքի եւ նվաստացման զոհ էր դարձել: Նրան կարծես որպես կասկածելի փրկչի էին դիտարկում. կարճահասակ, կլորիկ գիտնական, որն իր մասնագիտական ամբողջ կյանքն անցկացրել էր ակադեմիական շրջանակներում: Խորհրդի հետ հանդիպելու օրը նա կես ժամ ուշացավ: Մինչ հոգաբարձուները խոսում էին թանկարժեք հավաքածուները վաճառելու, աշխատանքային ժամերը կրճատելու եւ որոշ մասնաճյուղեր փակելու մասին, նա միայն ժամանակ խնդրեց նոր տեսլական առաջարկելու համար:

«Նյու Յորքի հանրային գրադարանը Նյու Յորքի ազգային գանձն է,- ասաց նա:- Մասնաճյուղային գրադարանները կյանքեր են ստեղծել եւ կյանքեր փրկել: Նյու Յորքի հանրային գրադարանը շքեղություն չէ: Դա Նյու Յորքի սոցիալական հյուսվածքի, նրա մշակույթի, նրա ինստիտուտների, լրատվամիջոցների եւ գիտական, գեղարվեստական ու էթնիկ համայնքների բաղկացուցիչ մասն է: Այն արժանի է քաղաքի հարգանքին, գնահատանքին եւ աջակցությանը: Ո՛չ, գրադարանը միայն ծախս չէ: Դա ներդրում է քաղաքի անցյալի եւ ապագայի համար»:

Ընկերներ բարձր տեղերում

Նրա անհատականությունն այնքան գրավիչ էր, գրադարանը վերականգնելու ներքին հուրն՝ այնքան պարտադրող, որ Խորհուրդը նրան նախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու միաձայն հավանություն տվեց: Նրան ոչ միայն ժամանակ, նաեւ գումար էր պետք, իսկ նա համալսարանական դրամահավաքի լավ փորձ ուներ:

Փողից ավելի՝ նրան դաշնակիցներ էին պետք: Նա նրանց գտավ. Էնդրյու Հեյսկելը, գրադարանի ապագա նախագահող, որը նոր էր թոշակի անցել Time Inc-ի նախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնից, Ռիչարդ Բ. Սալոմոնը, գրադարանի փոխնախագահ, որը նախագահում էր 1977 թվականից, եւ Բրուք Աստորը՝ Վինսենթ Աստորի այրին եւ հասարակության կողմից սիրված անձ, որը նախագահում էր 195 միլիոն դոլար ժառանգած բարեգործական հիմնադրամում:

Դոկտոր Գրեգորյանը գրել է. «Ռիչարդ Սալոմոնը ճանապարհ հարթեց դեպի անհատական նվիրատվություններ եւ բիզնեսի ու հրեական բարեգործական կազմակերպություններ։ Էնդրյու Հեյսկելն աշխատում էր իր նախկին ընկերների՝ անհատների եւ խոշոր կորպորացիաների հետ։ Տիկին Աստորը բացեց Նյու Յորքի հասարակության եւ նրա բարեգործության դռները: Նրանք ինձ օգնեցին իրականացնելու Նյու Յորքի հանրային գրադարանի նպատակը՝ այն դարձնելով քաղաքացիական նախագիծ, որը եւ՛ պատվաբեր էր, եւ՛ դյութիչ»:

Տիկին Աստորը կազմակերպեց սեւ փողկապի երեկույթ՝ դոկտոր Գրեգորյանին եւ նրա կնոջը՝ Քլեր Գրեգորյանին ներկայացնելու Նյու Յորքի հասարակությանը: Շաբաթներ առաջ նա երեկույթ էր կազմակերպել նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ առաջին տիկնոջ՝ Նենսի Ռեյգանի պատվին: Երբ դոկտոր Գրեգորյանը զարմանք հայտնեց, որ երկու ընթրիքների հյուրերի ցուցակը էապես նույնն է, տիկին Աստորը նրան ասաց. «Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը Նյու Յորքի եւ պետության համար կարեւոր քաղաքացի է»:

Vardan Gregorian

Դոկտոր Գրեգորյանը՝ Բրուք Աստորի եւ քաղաքապետ Էդուարդ Ի. Կոխի հետ 1986 թ. մամուլի ասուլիսին. Մանհեթենի 5-րդ պողոտայի եւ 42-րդ փողոցի գրադարանի գլխավոր շենքի աստիճաններին: Ջիմ Ուիլսոն. The New York Times

Շուտով ընթանալու էին «Գրական առյուծների» ընթրիքները՝ ափսեն 1000 դոլարով, որին մասնակցում էին երգիչ Իսահակ Բաշևիցը եւ Ժակլին Քենեդի Օնասիսը: Դոկտոր Գրեգորյանը հանդիպեց կորպորացիաների եւ հիմնադրամների ղեկավարների հետ՝ բարի կամք եւ աջակցություն ստանալու նպատակով: Նա կազմակերպեց եւ մասնակցեց ճաշկերույթների, եւ տիկին Աստորի հետ, որը գրադարանը դարձրել էր իր բարեգործության գերխնդիրը, անցկացրեց բարեգործական տոնահանդեսներ եւ այլ միջոցառումներ:

Գրեգորյանը հաճախ խղճի ձայն էր հնչեցնում։ The New Yorker-ի հետ խոսելիս նա գրադարանն անվանեց «սրբազան վայր»։ «Պատկերացրեք մեր ընթերցասրահներից մեկում մեկ մարդ հենց նոր կարդացել է մի գիրք, որը երեւի 20 տարվա ընթացքում չի կարդացել որեւէ այլ բնակիչ, եւ այդ մեկ ընթերցման հետեւանքով ծնվում է մարդկության համար անգնահատելի նշանակության մի գյուտ, որը կստիպի մարդուն ցնցվել»:

Այս ամենը տվեց իր պտուղները: Հիմնական գրադարանը եւ բազմաթիվ մասնաճյուղեր վերականգնեցին իրենց աշխատանքային օրերը: Քարտարանները թվայնացվեցին: Տեղադրվեցին ջերմաստիճանի եւ խոնավության հսկողության սարքեր, հանրային սենյակներն օդափոխվեցին, շենքի ճակատային մասերը մաքրվեցին, եւ սկսվեց 45 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգում: Հեռացվեցին միջնապատերն ու խցիկները, վերականգնվեցին մարմարե պատերը, իսկ փորագրված փայտե առաստաղները նորացվեցին: Սկսվեցին բազմաթիվ նախագծեր: Ամենակարեւորը՝ գրքերը մաքրվեցին 75 տարվա փոշուց:

Vardan Gregoryan

Նախագահ Ջորջ Բուշը շնորհավորում է դոկտոր Գրեգորյանին 2004 -ին Սպիտակ տանը, նրան շնորհվել է Ազատության նախագահական մեդալը՝ պետության բարձրագույն քաղաքացիական պարգեւը: Դագ Միլս. The New York Times

Զբոսաշրջիկների եւ այցելուների հոսքերը վերսկսվեցին: Ցուցահանդեսները, դասախոսությունները, համերգները եւ այլ մշակութային միջոցառումները հիմնական գրադարանը օր ու գիշեր վերածել էին մտքի եռուն փեթակի: Ցերեկային եւ երեկոյան միջոցառումները Բրեյանթ զբոսայգում ներգրավեցին բազմության, որոնք այնտեղից վռնդեցին թափառաշրջիկներին: Առջեւում էր Համբերության ու տոկունության առյուծների լվացման արարողությունը, եւ տարբեր տարիքի մարդիկ հավաքվել էին լայն աստիճաններին՝ արեւի ջերմության տակ հիանալու տեսարանով:

Դոկտոր Գրեգորյանը քարոզարշավ էր անցկացնում այնպես, կարծես ընտրությունների մասնակցելիս լիներ: Քաղաքապետ Էդուարդ Ի. Կոխը, որ քաջատեղյակ էր նման լավ առիթների, բարձրացավ նվագախմբի հարթակ, իսկ նախկին քաղաքապետ Ռոբերտ Ֆ. Վագներ կրտսերը դոկտոր Գրեգորյանի մասին ասաց. «Նա հիշեցրեց մեզ, որ գրադարանները հույսի շարժիչներ են, որոնք մարդկանց մոտեցնում են միջին խավին եւ տեղափոխում դեպի այլ աշխարհներ»:

Vardan Gregorian

Դոկտոր Գրեգորյանը՝ 2018-ին Մանհեթենի բարեգործական միջոցառման ժամանակ: Նա դարձավ բարերարների խորհրդական, ինչպիսիք են Բիլը եւ Մելինդա Գեյթսը եւ Վալտեր Հ. Աննենբերգը: Քրիստա Շլուեր. The New York Times

Նա վարպետորեն էր գործում Քաղաքային խորհրդի եւ Գնահատման խորհրդի հետ, որոնց ձեռքերում էին քսակի քուղերը: Երկու տարի չանցած՝ նա ասաց Խորհրդի ֆինանսական կոմիտեին, որ իր համար նվաստացուցիչ է գրադարանի գոյության իրավունքի համար ամեն տարի պայքարելը: Ասաց, որ այլեւս չի գալու եւ գլուխ խոնարհի, այլ միայն կներկայացնի գրադարանի համար անհրաժեշտ գումարի չափը:

Իր պաշտոնավարման ավարտին՝ 1989-ին, դոկտոր Գրեգորյանը հավաքեց 327 միլիոն ԱՄՆ դոլարի պետական եւ մասնավոր միջոցներ գրադարանի համար՝ դնելով այն ամուր հիմքերի վրա:

«Նրա գործունեության շնորհիվ գրադարանը հայտնվեց ուշադրության կենտրոնում»,- ասաց New Yorker-ին պարոն Հեյսկելը: «Նա ստիպված էր փոխել քաղաքի եւ նրա բնակչության տրամադրվածությունը եւ գրադարանի մարդկանց վերաբերմունքը գրադարանի հանդեպ»:

Թարգմանեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
44 երեխա տեղափոխվեց Ռուսաստան
հաջորդը
Նավալնին բանտից տեղափոխվել է հիվանդանոց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն