ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ներկա պահին լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։ Ըստ նրա՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում ելնում են այն հանգամանքից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ:
«Բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան հույս ունի՝ այս հարցը հաջողությամբ կլուծվի։
