Ավստրիան ներկա պայմաններում չի համաձայնի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին: Դրա մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը։ Նա հավելել է, որ Կիեւը չպետք է արտոնություններից օգտվի անդամակցության շուրջ բանակցություններ վարող մյուս թեկնածուների, մասնավորապես՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի համեմատ։
Նեհամմերը բացատրել է իր դիրքորոշումը ընդդիմադիր Ավստրիական ազատություն կուսակցության պատգամավորներին՝ ելույթ ունենալով Հանրապետության ազգային խորհրդի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի (խորհրդարանի ստորին պալատ) առջեւ։
Կանցլերը կարծում է, որ Ուկրաինային եւ Մոլդովային պետք է առաջարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկար՝ «ի նշան համերաշխության», սակայն նա դեմ է արտահայտվել արագացված ընթացակարգին։
Նոյեմբերին Եվրահանձնաժողովը հանդես էր եկել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու օգտին։ Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները վերջնական որոշում կընդունեն դեկտեմբերին։ Եվրոպական խորհուրդն ընդունում է, որ միությունում չկա միաձայնություն Ուկրաինայի անդամակցության հարցում։ Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունները նախկինում հրապարակայնորեն դեմ էին դրան։
