Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հաստատել է գողության փաստը, սակայն նշել է, որ այլ մանրամասներ, մասնավորապես գողացված ոչխարների քանակի մասին, չի կարող հայտնել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրում են պատկան մարմինները: Գերատեսչությունից հիշեցրել են, որ առաջնագծում իրադրության փոփոխության, սահմանային միջադեպերի եւ խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պատշաճ իրազեկում է հանրությանը։
Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը Aysor.am-ին հայտնել է, որ կողոպուտը կատարվել է արոտի ժամանակ, երբ 300 ոչխար էր արածում: «Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։
Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանի տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ: «Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»,- ասել է Տեղ համայնքի ավագանու անդամը։