ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ միաժամանակ ափսոսանք է հայտնել Միրզոյանի ասուլիսի բովանդակության ու տոնայնության վերաբերյալ՝ շեշտելով, որ սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետեւություններ անելու փոխարեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ասուլիսում փորձել է Երեւանի սխալ հաշվարկների ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա:
«Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երեւանի կողմից»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ամենն առնչվում է ե՛ւ ՌԴ-ի հետ հարաբերություններին, ե՛ւ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստին։
Ավելի վաղ Միրզոյանը ՌԴ ԱԳՆ-ին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետեւանքային կապերն ու ժամանակագրությունը:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Միրզոյանի հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր հատվածում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրումների: Զախարովան չի բացառել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն, այնուամենայնիվ, լրացուցիչ մեկնաբանություն հրապարակի այդ ասուլիսի կապակցությամբ։