Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիան ներկայացնող երկու նախկին պատգամավորներ Ակսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինդները Բաքվից կաշառք են ստացել: Դրա մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն:
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ վերոնշյալ պատմությունը Գերմանիայի խորհրդարանում Երկրորդ աշխարհամարտից ի վեր խոշորագույն կոռուպցիոն սկանդալներից է: Ֆրանկ Շվաբեն X սոցցանցում հայտարարել է, որ անհրաժեշտ է այնպես անել, որ Գերմանիայի խորհրդարանում նման խայտառակ դրվագներն այլեւս չկրկնվեն։
Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին մարտի 6-ին Գերմանիայի առաջին ալիքով փաստագրական ֆիլմ կցուցադրվի:
ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին հրաժարվել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելուց, հետեւաբար Բաքվի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է կազմակերպությունից: Այս ընթացքում այն կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե կատարի իր նորմատիվ պարտավորությունները:
Իր որոշման մեջ ԵԽԽՎ-ն հղում է արել Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձեւերին, որոնք Ադրբեջանը հետեւողականորեն անտեսել է։