ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը արձագանքել է Ադրբեջանում փետրվարի 7-ին անցկացված նախագահական արտահերթ ընտրություններին, որոնց ժամանակ գործող նախագահ Իլհամ Ալիեւի օգտին, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների, քվեարկել է ընտրողների շուրջ 92%-ը։
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակող միջավայրում՝ իրական մրցակցության բացակայության պայմաններում»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էին իրենց հայտնաբերած լրջագույն ընտրական խախտումների մասին։ Ներկայացված գնահատականներում ընդգծվել էր, որ ընտրությունները եղել են «ոչ մրցակցային» եւ «անցել են սահմանափակող միջավայրում»։
«Ադրբեջանը իր Սահմանադրությամբ արտահայտում է իր հավատարմությունը հիմնարար ազատություններին եւ ժողովրդավարական գործընթացներին։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում իրագործել այս պարտավորությունները, ինչպես նաեւ «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» նախկին եւ ապագա առաջարկները»,- ասված է Պետքարտուղարության հայտարարությունում:
Ընդգծենք, որ փետրվարի 8-ին էլ համանման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Բաքվում ամերիկյան դեսպանությունը։