• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ո՞վ է պարարտացնում հայկական ռեւանշիզմը

Կարպիս Փաշոյան 19:00 | 27.07.2024
Կարպիս Փաշոյան 19:00 | 27.07.2024
մեջբերում Կարպիս Փաշոյանից

Ասում են, թե դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է։ Առաջին հայացքից տրամաբանական թվացող սրամիտ այս ձեւակերպումը հաճախ կամայական մեկնաբանությունների է ենթարկվում՝ լեգիտիմացնելով այս կամ այն պետության ծավալապաշտական քաղաքականությունը։

Եթե ուժեղ ես, ուրեմն կարող ես հակառակորդիցդ ստանալ հնարավոր ամեն բան։ Այս տրամաբանությամբ էին 20-րդ դարում առաջնորդվում իմպերիալիստները՝ անսանձ շովինիզմի եւ բութ ուժի դիրքերից հարթելով իրենց արյունոտ ճանապարհը։

Իրականում դիվանագիտությունը՝ որպես ամեն ինչի հասնելու հնարավորություն դիտարկող քաղաքականությունը հենց դիվանագիտության մեծագույն պարտությունն է, քանի որ առավելապաշտությունը անխուսափելիորեն հանգեցնելու է անսանձ ու մոլեռանդ ռեւանշիզմի։

Ասվածի լավագույն վկայությունը Առաջին աշխարհամարտից հետո ձեւավորված Վերսալ-Վաշինգտոնյան աշխարհակարգն է, եւ դրա բերած անվտանգության խախուտ եւ հեղհեղուկ համակարգը։

Փաստացի Անտանտի երկրները եւ առաջին հերթին Ֆրանսիան պատերազմի ողջ պատասխանատվությունը բարդեցին կապիտուլացված Գերմանիայի վրա։ Ֆրանսիացիները առավելապաշտության դիրքերից որդեգրեցին Գերմանիային մինչեւ վերջ ոչնչացնելու, թալանելու եւ նվաստացնելու քաղաքականություն։ Արդյունքները բնականաբար երկար սպասեցնել չեն տալիս եւ արդեն 1940 թվականի հունիսի 22-ին Կոմպիենյան անտառում, Ռետոնդ կայարանում, մարշալ Ֆոշի վագոնում գեներալ-գնդապետ Կեյտելը` Հիտլերի ներկայությամբ Ֆրանսիայի ներկայացուցիչներին է զինադադարի պայմաններ թելադրում։

Ընդամենը 21 տարի առաջ նոյեմբերի 11-ին այդ նույն կայարանում եւ նույն վագոնում կապիտուլացվողի դերում գերմանացիներն էին։ Խորհրդանշական եւ դրամատիկ այս իրադարձությունները ամբողջությամբ արտահայտում են Անտանտի երկրների քաղաքական սնանկությունն ու անհեռատեսությունը։

Նրանք չէին հասկանում, որ իրենց անհեռանկար քաղաքականությամբ Եվրոպայի սրտում հրեշ են սաղմնավորում, հրեշ, որն ընդամենը երկու տասնամյակ անց ռեւանշիզմով ու վրեժով լցված պետք է քարուքանդ աներ ամբողջ աշխարհը: Ի դեպ այդ նույն մարշալ Ֆոշը զգուշացնում էր այդ հեռանկարի մասին, բայց հաղթանակից շփացած կառավարությունները լուրջ չէին վերաբերվում ռեւանշիզմի հնարավորությանը։

Հետեւանքն այն եղավ, որ մեծ հաշվով պատերազմը չավարտվեց, քանի որ Երկրորդ աշխարհամարտն Առաջինի տրամաբանական շարունակությունն էր, ավելի շուտ՝ մեծ հաշվով ծնունդը Վերսալյան անվտանգության համակարգի:

Պատմական հայտնի այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ դիվանագիտությունը երբեք չի կարող դիտարկվել որպես առավելագույնի հասնելու հնարավորություն։ Հին աշխարհից ավանդված ճշմարտությունը սովորեցնում է, որ չի կարելի մինչեւ վերջ ոչնչացնել հակառակորդին՝ քանի որ արդեն իսկ հյուծված մրցակցի դատարկ տիրույթում ձեւավորվելու է վակուումային տարածություն: Իսկ վակուումը վաղ թե ուշ լցվելու անհրաժեշտություն է ունենալու, եւ դրա հիմքի վրա էլ կարող է ստեղծվել մի նոր ահեղ հակառակորդ, որն էլ արդեն կոչնչացնի հենց քեզ:

Իսկ հին հույներն էլ սովորեցնում են, որ բացարձակ հեգեմոնիայի ձգտումը որպես կանոն ավարտվում է աղետով։ Կենսունակ եւ արդյունավետ են այն պետությունները, որոնք գիտակցում են հակահեգեմոն մեխանիզմների անհրաժեշտությունը միջազգային հարաբերություններում։

1939-1945 թվականներին ամբողջ Եվրոպան ավերելուց եւ 54 միլիոն մարդ ոչնչացնելուց հետո միջազգային հարաբերություններում աստիճանաբար սկսում են տիրապետող դառնալ հենց այս սկզբունքները, որոնք կանխարգելում են Երրորդ աշխարհամարտի եւ մարդկության վերջնական ոչնչացման հնարավորությունը։

Դիվանագիտությունն արդեն իսկ դիտարկվում է նաեւ որպես փոխզիջման եւ կոմպրոմիսի հասնելու հնարավորություն։ Կարեւորվում եւ առաջնային պլան են մղվում պարտված երկրների հետ բանակցելու առանձնահատկությունները։

Ամենեւին էլ չեմ պնդում, թե 1945-ից հետո աշխարհն ավելի արդար եւ անվտանգ է դառնում։ Բնականաբար դրանից հետո եղել են արյունալի պատերազմներ, ցեղասպանություններ եւ էթնիկ զտումներ։ Բայց այնուամենայնիվ Պոտսդամյան աշխարհակարգը կայունության որոշակի խաղի կանոններ էր առաջարկում, որոնք արգելակում էին մոլորակը ջունգլիների վերածելու հնարավորությունը։ Առնվազն մինչեւ Իրաքյան պատերազմն (2003) ու Ղրիմի անեքսիան (2014)։

Պատմական այս հակիրճ եւ հպանցիկ էքսկուրսը չափազանց կարեւոր է հայ-ադրբեջանական հակամարտության ճիշտ ընկալման եւ ի վերջո կարգավորման համար։ Երիտասարդ երկու հանրապետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, անցյալից դասեր չքաղած, գայթակղվելով մեծ տերությունների խարդավանքներով՝ ամեն օր հեռանում են խաղաղությունից։ Սխալները բնականաբար երկկողմանի են։

1998 թվականից ի վեր Հայաստանն առաջնորդվում էր առավելապաշտությամբ՝ Ադրբեջանի առջեւ դնելով անհնար պայմաններ ու պահանջներ։ Հայկական դիսկուրսում բացակայում էր պարտված երկրի հետ բանակցելու անհրաժեշտությունը։

Ընդհակառակը առաջնային պլան էր մղվում դավադիր ոսոխին վերջնականապես ծնկի բերելու, ստորացնելու ցանկությունը։ Պարտված լինելու հանգամանքի շեշտադրումը ամենակարեւոր դրույթն է, քանի որ դա գլխիվայր շրջում է բանակցության տարածությունը։ Դա մի կողմից ենթադրում է հաղթանակի պարգեւած արդյունքների ձեւակերպում, մյուս կողմից պարտված կողմի համար կոմֆորտ եւ արժանապատիվ միջավայրի ձեւավորում։

Իսկ նպատակը մեկն է․ ձեւավորել եւ ամրապնդել հավասարակշռության այնպիսի համակարգ, որը կբացառի ռեւանշի հնարավորությունը։

Սա նուրբ դիվանագիտական հմտություն է՝ ելնելով այն հայտնի ճշմարտությունից, որ հակառակորդին չի կարելի եւ մեծ հաշվով նաեւ անհնար է մինչեւ վերջ ոչնչացնել։ Հենց այս գիտակցումն էր բացակայում հայկական միջավայրում։ Մեզ համար դիվանագիտությունը հնարավոր ամեն բանի հասնելու արվեստ էր։ Մեզ համար Ադրբեջանը արհեստական գոյացություն էր, որը չպիտի իրավունքներ ու պահանջներ ունենար։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը գործում է նույն սխալները, ինչ Հայաստանը 1998-2020-ին։ Ավելին՝ Ալիեւը փոձում է էլ ավելի հեռուն գնալ՝ ձգտելով տարածաշրջանում հասնել բացարձակ հեգեմոնիայի եւ ամբողջությամբ զինաթափել Հայաստանին ու ոչնչացնել հայկական գործոնը։

Ի տարբերություն հայ կոմսոմոլների, որոնք բացառում էին պատերազմի հնարավորությունը, Ադրբեջանը գիտակցում է հայկական ռեւանշիզմի վտանգը։ Բայց նա նույնպես թքած ունի այն հանգամանքի վրա, որ բանակցում է պարտված երկրի հետ։ Ռեւանշիզմի չեզոքացման նրա մեթոդը Հայաստանին անընդհատ նոր հարվածներ հասցնելն ու ուշքի գալու հնարավորությունից զրկելն է։

Սա բնականաբար անհեռանկար եւ անարդյունավետ մեթոդաբանություն է։ Քանի որ միեւնույն է, ինչ-որ մի օր Հայաստանում ռեւանշիզմը գլուխ է բարձրացնելու։ Այն այսօր էլ կա, պարզապես պացիֆիզմի պետական հուժկու պրոպագանդայի պայմաններում դեռեւս մարգինալ է ու անմարմին։

Վստահաբար հայկական ռեւանշիզմը ծխում է՝ սպասելով աշխարհաքաղաքական համապատասխան կայծին։ Նույնիսկ խաղաղության երբեմնի ջատագովների համար է խաղաղության ադրբեջանական տարրակերպը անհնար եւ անիրական։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գլխում է պտտվում ինչ-որ մի կետում Ադրբեջանին ցավոտ հարված հասցնելու արկածախնդիր ծրագիրը։

Բոլորովին վերջերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշատական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մի հոդված էր հրապարակվել, որտեղ հայ-ադրբեջանական ներկայիս բանակցային գործընթացը համեմատվել էր Երկրորդ աշխարհամարտից առաջ Մեծ Բրիտանիայի կողմից տարվող «հակառակորդին խաղաղեցնելու» քաղաքականության հետ։

Հոդվածն ուղիղ ակնարկ էր այն մասին, որ Փաշինյանը վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի նմանությամբ պարզապես ժամանակ է շահում՝ հետագայում թշնամուն դիմադրելու եւ խորտակիչ հարված հասցնելու նպատակով։ Այս ամենին զուգընթաց Հայաստանն անընդհատ զինվում է՝ նորանոր սպառազինություններ ստանալով Հնդկաստանից եւ Ֆրանսիայից։

Օրեր առաջ Ալիեւը խստորեն քննադատել էր ԱՄՆ-ին, ֆրանսիային եւ ԵՄ-ին Հայաստանին զինելու եւ սահմանային բախումներ հրահրելու համար։ Սրանք չեն կարող դատարկ խոսակցություններ լինել։ Որեւէ մեկը չի կարող բացառել, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը Հարավային Կովկասում պատերազմի հրահրման պատճառ չի դառնա։

Հայաստանին ծնկի բերելու եւ տարածաշրջանում բացարձակ հեգեմոնիայի հասնելու ադրբեջանական քաղաքականությունը առնվազն նպաստավոր պայմաններ է ստեղծում արյունոտ այդ հեռանկարի համար։ Կրակի վրա յուղ է լցնում նաեւ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։ Անկարայի թերեւս ամենաթշնամական գործողությունը ՀՀ-ի նկատմամբ խաղաղության եւ կարգավորման ջատագովների ապալեգիտիմացման քաղաքականությունն է։

Թուրքերը գիտակցաբար քննադատության թիրախ դարձելով եւ ուռճացնելով հայկական միջավայրում գործող ծայրահեղական ուժերին՝ լեգիտիմացնում են նրանց գոյությունը։ Փոխարենը՝ արժեզրկվում է խաղաղության եւ կարգավորման հեռանկարը, դրա ջատագովներն էլ պիտակվում են որպես դավաճաններ։

Իմ համոզմամբ տարածաշրջանային խաղաղությունը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը առաջնորդվեն հավասարակշռման եւ փոխզիջման տրամաբանությամբ, երբ Ադրբեջանը հասկանա, որ բացարձակ հեգեմոնիան անհեռանկար եւ անիրական ծրագիր է ու անհրաժեշտ է հաշվի նստել հայկական գործոնի քաղաքական ներկայության հետ, երբ տիրապետող դառնա այն գիտակցումը, որ Բաքուն բանակցում է պարտված, այլ ոչ թե ոչնչացած պետության հետ։

Ի դեպ Հայաստանում ռեւանշիզմի տարածմանը նպաստում են նաեւ Արեւմտյան դիվանագետներն ու նրանց հայ պրոպագանդիստները։ Նրանք ընտրել են հակամարտության կարգավորման ամենահեշտ տարբերակը, որն է՝ պարտվող կողմից անընդհատ զիջումներ ակնկալելը եւ այդ ուղղությամբ ճնշումներ գործադրելը։ Դրանով նրանք արժեզրկում են ոչ միայն խաղաղությունը, այլ նաեւ ՀՀ-Արեւմուտք արդյունավետ փոծգործակցության հնարավորությունը՝ ճանապարհ հարթելով Ուկրաինան խժռած ռուսների հաղթարշավի համար։

Գնդակը մեծ հաշվով Ադրբեջանի դաշտում է։ Ապագա պատերազմում ռուսներն ու ֆրանսիացիները չեն զոհվելու, այլ հայերն ու ադրբեջանցիները։

Karpis Pashoyan
Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սա ոչ թե ուղեւորափոխադրում է, այլ՝ բեռնափոխադրում
հաջորդը
Պուտինը հայտարարել է Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայման դեմ պատասխան քայլերի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն