• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Դաշնակիցներ պետք է որոնել Արեւմուտքում

aliq 12:30 | 17.06.2021
aliq 12:30 | 17.06.2021
Ara Papyan
«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Արա Պապյանի պատասխանները։
Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին։

Մենք ի սկզբանե հանդես էինք գալիս անցումային կառավարության օգտին, որին, կարծում էինք, հնարավոր կլիներ հասնել ժողովրդի ճնշման արդյունքում, բայց դա տեղի չունեցավ: Հետեւաբար մենք կանգնած էինք ընտրության առջեւ`օտագործել ընտրությունները որպես մեր գաղափարների տարածման միջոց եւ խորհրդարանում լինելուց հետո նաեւ այդ ամբիոնն օգտագործել։ Եվ նախընտրեցինք, որ պետք է օգտագործել այս հնարավորությունը:

Ո՞րն է առանձնահատուկ այն ծրագիրը, որը միայն ձեր քաղաքական ուժը կարող է առաջադրել եւ իրականացնել։

Մեր քաղաքական ուժը հանդես է գալիս նոր, այլընտրանքային դաշնակիցների հայտնաբերման, ստեղծման եւ նոր հարաբերությունների հաստատման օգտին, մասնավորապես ԱՄՆ-ի հետ: Այն է՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ, ԱՄՆ դաշնակցի կարգավիճակի ձեռքբերում: Բացի այդ՝ մենք հանդես ենք գալիս որպես մեր հարեւանների հետ ունեցած խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա լուծելու կողմնակից: Այսինքն՝ ՀՀ-ն պիտի վերահաստատի առաջին հանրապետությանն իր իրավահաջորդությունը եւ հարեւանների հետ միասնական ու փոխադարձ համաձայնությամբ դիմի միջազգային դատարան, որ հստակեցնի սահմանների հարցը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանն ինքը հրաժարվել է խորհրդային ժամանակաշրջանի իրավաքաղաքական ժառանգությունից, ավելին` դա համարել է օկուպացիայի շրջան, իր տարածքային հավակնությունները չի կարող խարսխել Հայկական սովետական եւ Ադրբեջանական սովետական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա:

Թուրքիայի պարագայում եւս կարծում ենք, որ սովետաթուրքական սահմանը չի կարող համարվել ՀՀ սահման, եւ այն նույնպես պետք է հստակեցվի միջազգային դատարանի միջոցով: Կարծում եմ, դրա հիմքը կհանդիսանա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում նոյեմբերի 10-ին ընդունվեց եռակողմ մի հայտարարություն, որը, թվում է, նախադուռն է մեծ համաձայնագրի։ Նոյեմբերյան հայտարարության հիմքով ինչպիսի՞ն եք տեսնում մասնավորապես Արցախի ապագան եւ ընդհանրապես տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

Մենք այդ հայտարարությունը չենք տեսնում որպես հակամարտության լուծման հիմք, դա ժամանակավոր զինադադար է: Մենք հարցի համապարփակ քաղաքական լուծման կողմնակից ենք, ինչպես նշել էին Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Առավել եւս պիտի հաշվի առնել, որ առկա իրավիճակը ստեղծվել է հանցագործության հետեւանքով, սեփական միջազգային պարտավորությունների ոտնահարման հետեւանքով, քանի որ Ադրբեջանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հայտարարել եւ ամրագրել են այն, որ խնդիրը չի կարող լուծվել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Պարզապես Ադրբեջանը դա ոտնահարել եւ ստեղծել է այս վիճակը: Հանցագործության միջոցով ձեռք բերվածը չի կարող արդարացի լուծման հիմք համարվել: Այդ պատճառով էլ մենք կարծում ենք, որ հարցը պիտի վերանայվի եւ լուծվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային օրինական սահմանի վերահաստատումով: Իսկ դա պիտի տեղի ունենա ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով:

Վերջին մոտ կես տարում տարածաշրջանում Ռուսաստանի դերի կտրուկ մեծացմանը զուգահեռ հասարակության մեջ ուժգնանում են նաեւ հակառուսական տրամադրությունները։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է հանգեցնել աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության, եւ ո՞վ կարող է զբաղեցնել ավանդական ռազմավարական դաշնակցի տեղը։

Ես համաձայն չեմ նման ձեւակերպման հետ, տարածաշրջանում ՌԴ-ի դերը չի ավելացել, հակառակը` տեղի է ունեցել ռուսական ազդեցության նվազում: ՌԴ-ն վերջին 200-250 տարիների ընթացքում առաջին անգամ այս տարածաշրջանում իր ազդեցության ոլորտները կիսել եւ տեղ է տվել Թուրքիային: Այսօր ՌԴ-ն տարածաշրջանի խնդիրների միահեծան լուծողը չէ, ՌԴ-ն կորցրել է Ադրբեջանը, Վրաստանն այդ երկրի հետ ունի թշնամական հարաբերություններ: Մնում է ՀՀ-ն: ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ն չկատարեց ու չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, բնականաբար դա հանգեցնում է հակակրեմլյան եւ հակապուտինյան, չեմ ուզում ասել հակառուսական տրամադրության: Իսկ դավաճաններին չեն ներում, դավաճանների հետ ընկերություն ու դաշնակցություն չեն անում, պետք է այլընտրանքներ որոնենք:

Իսկ դաշնակիցներ պետք է որոնել Արեւմուտքում, իհարկե, դա դժվար է, լուրջ խնդիրների հետ է առնչվում, բայց տեղի կունենա: Շատ մոտ ապագայում` Ժնեւում Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ, այդ հարցը կդրվի ՌԴ նախագահի առջեւ: Նրան կհասկացնեն, որ ազդեցության ոլորտների նախկին բաժանումներն այլեւս ուժի մեջ չեն: Եվ Արեւմուտքը մեծ թափով կմտնի Հարավային Կովկաս ու կհավակնի ՌԴ-ի ազդեցության ավելի փոքրացմանը:

Քառասունչորսօրյա պատերազմում կրած պարտությունը հաղթահարելու եւ, ի հետեւանք դրա, առաջացած համընդհանուր (պետական, ազգային, անհատական) ընկճվածությունից դուրս գալու ի՞նչ միջոցներ եք տեսնում։

Նախ այս ողջ գործընթացը պիտի վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության շրջանակ, որովհետեւ Թուրքիան եւ ՌԴ-ն չեն կարող երկկողմ գործարքով լուծել Հարավային Կովկասի խնդիրները, դա հստակ արձանագրել են մյուս համանախագահները: Երկրորդ քայլով հայաբնակ շրջանները` Հադրութն ու մյուս գյուղերը, վերադարձնելու հնարավորություն պիտի ունենանք: Շեշտեմ, միջազգային խաղաղապահների հովանու ներքո, որովհետեւ հիմա այնտեղ խաղաղապահ չունենք, պարզապես ունենք ռուսական զինված ուժերի ներկայություն, որը չունի որեւէ կարգավիճակ: Խաղաղապահների կարգավիճակն ինքնաձեւակերպումով չի լինում, դա տալիս է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Եվ այդ քայլերից հետո պիտի հստակեցնենք Հայաստան-Ադրբեջան սահմանը: Ժամանակը չի կարող օրինականացնել հանցագործությունները` Հայաստանից Արցախի ու Նախիջեւանի օտարումը եւ Բաքվի վարչական ենթակայության հանձնումը: Սա էլ եմ ուզում շեշտել, որովհետեւ այդ հանրապետությունները երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել: Այս հարցերը պետք է լուծվեն միջազգային դատարանում:

Հնարավո՞ր է, որ Հայաստանը տարածաշրջանում դառնա ինքնուրույն դերակատար եւ կարողանա սեփական շահերը հակադրել/համադրել այլոց ձգտումներին եւ հետաքրքրություններին։ Ի՞նչ պետք է անել դրա համար։

Կարող է, եթե դուրս գա ռուս-թուրքական երկընտրանքից եւ ունենա այլընտրանք` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացում: ՀՀ-ն դրան չի կարող հասնել ինքնուրույնաբար, քանի որ գտնվում է խոր ճգնաժամում, ՀՀ-ին պետք է հզոր դաշնակից, որը պատրաստ կլինի ներդրումներ իրականացնելու: Եվ կարծում եմ, 20-25 տարի հետո մեր երկրը կդառնա ինքնուրույն գործոն:

Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկար տեսնո՞ւմ եք։

Այո՛, եթե Թուրքիան ճանաչի ՀՀ-ի իրավունքները: Դրա համար պետք է Թուրքիայի հետ խնդիրները լուծենք միջազգային դատարանում, ամրագրենք ՀՀ տիտղոսն այն տարածքների վրա, որոնք Թուրքիան օկուպացրել է ավելի քան 100 տարի, դիտարկենք այդ ընթացքում ՀՀ-ին հասցված վնասները: Թուրքիան պետք է նաեւ համապատասխան հատուցում տա այդ տարածքների օգտագործման դիմաց, դրանք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ կլինեն: Եվ այդ տարածքներում ՀՀ դե յուրե իրավատիրությունը կարելի է համադրել դե ֆակտո թուրքական ներկայության հետ: Մեզ համար կարեւոր կլինի այդ տարածաշրջանում հարձակողական 5 տեսակի զենքերից ապառազմականացումը, տարանցիկության արձանագրումը եւ էքստերիտորիալ գործունեության իրավունք Վիլսոնյան Հայաստանի վրա: Այդ տարածքը կարող է հանդիսանալ միջազգային համատիրության իրավունքի նման մի բան, որի վրա գոնե ժամանակավորապես կարող են ամրագրվել երկու եւ ավելի պետությունների իրավունքները, իհարկե, անպայման միջազգային կառույցների գերակայության ներքո:

Նոյեմբերյան հայտարարությունից հետո շատ է խոսվում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։ Միաժամանակ նշվում է, որ դրա նախապայմանը Ադրբեջանին Մեղրիով միջանցք տրամադրելն է։ Հնարավո՞ր է կայուն տրանսպորտային հաղորդակցություն (երկաթուղի, ավտոճանապարհներ Ռուսաստանի, Իրանի հետ) առանց այդ նախապայմանը բավարարելու։ Եթե այո, ինչպե՞ս։ Եթե ոչ, ո՞րն է լուծումը։

Ո՛չ, հնարավոր չէ, որովհետեւ լուրջ չէ ակնկալել, որ որեւէ բեռնափոխադրող ՀՀ-ից բեռնափոխադրում կիրականացնի Ադրբեջանի տարածքով երկաթուղիով կամ ավտոմեքենաներով եւ առանց պաշտպանության կանցնի 7-8 հարյուր կիլոմետր: Մեղրիի միջանցքը նախատեսում է ռուսական ՖՍԲ-ի պաշտպանություն ադրբեջանական բեռների համար, որն ընդամենը 41-42 կմ է, ինչը հնարավոր է, իսկ մեր պարագայում հնարավոր չէ: Առավել եւս եթե խոսք է գնում անկլավների մասին, որոնցով կփակեն Տավուշով դեպի Վրաստան եւ Տիգրանաշենով դեպի Վայք ու Զանգեզուր ճանապարհները, ապա սա ոչ թե կլինի ապաշրջափակում, այլեւ անգամ եղածի շրջափակում:

Ադրբեջանի հետ սահմանագծում-սահմանազատումն, ամենայն հավանականությամբ, արվելու է խորհրդային վերջին քարտեզներով։ Հասարակությունը, տարբեր փորձագետներ դրանում լուրջ վտանգներ են տեսնում։ Ուրիշ ի՞նչ տարբերակ կառաջարկեիք, որը կբավարարեր երկու կողմերին եւ վերջ կդներ սահմանային լարվածությանը։

Խորհրդային վարչական սահմաններն ու այդ քարտեզները որեւէ կապ չունեն միջպետական սահմանների հետ: Դրանք երկրի մակերեւույթի ինչ-որ վարչական նկարներ են: Երկրորդը, որն ամենակարեւորն է, ով կամ ինչպես է որոշել, թե որ սկզբունքը պետք է դրվի Հայաստան-Ադրբեջան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հիմքում: Վարչական բաժանարար գծե՞րը, թե՞ ՀՀ` Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի կողմից որոշված ու գծված սահմանը: Մենք երկրորդի կողմնակիցն ենք: Թող լինի դելիմիտացիա, բայց միջազգային իրավունքի հիման վրա: 11-րդ բանակի բռնակցման, օկուպացիայի հետեւանքով առաջացած վարչական բաժանման, երբեմն շատ ցածր` կոլխոզների, գյուղսովետների մակարդակով վարչական սահմանների փոփոխություն են արել, եւ հիմա ոմանք առաջարկում են դրանցով միջպետական սահման դելիմիտացնել:

Հավատո՞ւմ եք, որ հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ազատ, արդար եւ թափանցիկ։

Ո՛չ, չենք հավատում: Արդեն իսկ կան վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ վկայություններ: Մեր քաղաքական ուժի ներկայացուցչին, որը ցուցակի մեջ է եղել, մարզպետն ասել է՝ գործից կհանենք, պիտի ցուցակից դուրս գաս: Առայժմ մենք անուններ չենք հրապարակում, որովհետեւ նախազգուշացրել ենք, որ նման բան չպիտի արվի: Այս ընտրությունները նաեւ աչքի են ընկնում մի մեծ առանձնահատկությամբ. նախկինում իշխանություններն էին կաշառք բաժանում, հիմա շատ հավաստի լուրեր կան` գյուղերի անուններով, որ ընդդիմադիր եւ նախկին իշխանական որոշ հարուստ կուսակցությունների ներկայացուցիչներ հանդիպում են գյուղապետներին, փող են տալիս, որ բաժանեն գյուղացիներին: Եվ մեծածախ գնով գյուղեր են առնում:

Կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցության որեւէ ձեւաչափ։

Մեծ մասի հետ համագործակցությունը բացառում ենք, դրանք նախկին եւ ներկա իշխանական ուժերն են: Իսկ իշխանությանը մաս չկազմած ուժերի դեպքում պետք է առանձին-առանձին դիտարկենք:

Ընտրություններում հաղթելուց եւ կառավարություն ձեւավորելուց հետո որո՞նք են լինելու ձեր քաղաքական ուժի առաջին երեք քայլերը։

Առաջին քայլը այլընտրանքային անվտանգության համակարգերի ստեղծումն է: Այն է՝ սերտ համագործակցություն Արեւմուտքի հետ ու Արեւմուտքի միջոցով անվտանգության երաշխիքների ստեղծում: Բայց դա ոչ թե պետք է լինի ռուսական անվտանգային համակարգերի փոխարեն, այլ դրան զուգահեռ, լրացուցիչ:

Պիտի վերանայենք ՌԴ-ի հետ որոշ պայմանագրեր, օրինակ՝ մենք անարդար ենք համարում, որ սահմանի վերահսկողությունը (չշփոթել սահմանի պաշտպանության հետ) տրված է ռուսներին: Ինչո՞ւ պիտի «Զվարթնոց» օդանավակայանում վերահսկի ՖՍԲ-ի ներկայացուցիչը, թե ով եկավ Հայաստան եւ գնաց: Կամ ինչո՞ւ պիտի ՀՀ հարկատուն վճարի ռուսական ռազմաբազայի ծախսերի մի զգալի մասը: Նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին տնտեսական ու քաղաքական կյանքում ներգրավելու հնարավորություն, օրենսդրական դաշտ կստեղծենք:

արտահերթ ընտրություններ 2021կուսակցություններ/դաշինքներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրինագիծը հանրային քննարկման կդրվի
հաջորդը
Ռուսաստանի եւ Շվեյցարիայի նախագահները քննարկել են ԼՂ իրավիճակը

Նման հոդվածներ

8-րդ գումարման խորհրդարանի կազմը

17:55 | 22.07.2021

Մանդատից հրաժարվել է 20 թեկնածու

18:54 | 21.07.2021

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

16:03 | 20.07.2021

Քոչարյանը հրաժարվել է մանդատից

22:38 | 19.07.2021

ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը

21:37 | 17.07.2021

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի դիմումները

17:49 | 05.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն