«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանի փետրվարի 2-ին նիստում պետք է քննարկեր ընդդիմությունից ընտրված 51 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:
Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, սակայն, հայտարարել է քվեարկության հետաձգման մասին՝ ասելով, թե դա խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի դիրքորոշումն է։
«Երկարատեւ քննարկումներից հետո խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել, որ այս փուլում ընդդիմության 51 պատգամավորի լիազորությունների դադարեցումից ձեռնպահ մնանք»,- հայտնել է Կոբախիձեն եւ ակնարկել, թե գործարկվելու է սահմանադրությամբ երաշխավորված այլ գործիք։
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր ուժերն անցած նոյեմբերին կայացած ընտրություններից հետո բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքն ու հրաժարվել վերցնել մանդատները՝ իրենց այդ քայլը պատճառաբանելով տեղ գտած կեղծիքներով եւ անարդարությամբ։