Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Ներսեսը հրազենային ծանր վնասվածք էր ստացել։ Դիպուկահարի փամփուշտը խոցել էր կրծքավանդակը։ Ընտանիքի անդամները պատմում էին՝ հրաշքով էր կենդանի մնացել։ Բայց 2020 թվականի պատերազմի ժամանակ նույնիսկ հրաշքը չօգնեց Ներսեսին։
Պատերազմը փոխում է մարդուն, բայց երեք պատերազմի մասնակցած Ներսեսը չկորցրեց մարդկային բարձր հատկանիշները։ Կյանքով լեցուն էր, բարի ու համբերատար։ Ազնիվ էր, շրջապատում շատ սիրված, հայրենի Մյասնիկյան գյուղում մեծ հարգանք էր վայելում։ Իրենց համայնքում՝ Բաղրամյանում, Երկրապահ կամավորականների միության նախագահն էր։
Ամենից շատ սիրում էր հայրենիքն ու ընտանիքը։ Պաշտում էր Արցախը, այնքան, որ երեք անգամ կամավորագրվել ու մեկնել էր պատերազմելու։ 1990-1994 թվականներին մասնակցել էր Ֆիզուլիի, Հադրութի, Մարտակերտի եւ այլ ազատագրական մարտերի, ջոկի հրամանատարն էր։ Պատերազմից հետո ստացել էր կապիտանի կոչում, բազում պարգեւներ, այդ թվում՝ «Մարտական խաչ» շքանշան եւ «Վազգեն Սարգսյան» մեդալ։ 2016 թվականին Ներսեսը նորից կամավոր զենք վերցրեց ու մեկնեց Արցախ՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու։ Գլխավորում էր «Բաղրամյան» ջոկը, ապրիլի 2-28-ը, Ջաբրայիլի դիրքերում էր։
«Նպատակը միշտ զինվորներին հասնելն էր, իր մասին գրեթե ոչինչ չէր պատմում, սխրանքների մասին ուրիշներից էինք իմանում»,- ասում է որդին՝ Սուրենը։
2020 թվականին արդեն պատկառելի տարիքում Ներսեսը գնաց իր կյանքի վերջին մարտը մղելու։ Տնեցիները հորդորել էին չմեկնել, վերջիվերջո արդեն կռվելու տարիքում չէր, բայց վճռական հերոսին ոչինչ չէր կանգնեցնի, այդքան սիրելի Արցախը վտանգված էր։ Դիրքեր էր մեկնել հոկտեմբերի 1-ին։
«Դեռ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի սկսվելու գույժը ստանալուն պես, կամավորագրվել էր, բայց տարիքի պատճառով մերժել էին։ Երեք օր պայքարեց եւ վերջապես մեկնելու հնարավորություն ստացավ․ հավաքեց իր 100-հոգանոց ջոկատը ու բարձրացավ Եղնիկներ»,- պատմում է Ներսեսի հարսը՝ Ռոզան։
Պատերազմի ընթացքում մի քանի անգամ է կարողացել տուն զանգահարել։ Միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, իրենք շատ մարտական են տրամադրված. զիջումներ չեն լինելու։ Օդային պատերազմում, սակայն, միայն քաջությունն ու պատրաստակամությունը բավական չէին: Ներսեսն անմահացավ հոկտեմբերի 13-ին բեկորային վնասվածքից։ ԱԹՍ-ները բազում կյանքեր խլեցին, այդ թվում՝ Ներսեսինը։