Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության պայմաններում թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում է Ադանայի նահանգում տեղակայված՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման:
Ինջիրլիքի փակման կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները Թուրքիայում, որպես կանոն, օրակարգ են բերվում, երբ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունները վատանում են:
«Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» իր հոդվածում թեմային անդրադարձել է նաեւ թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը:
Վերջինս նշել է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարեւորություն ունի Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարեւոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում:
Ռազմաբազան կարեւորվում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Մերձավոր Արեւելքին մոտ լինելու առումով:
Հեղինակի կանխատեսմամբ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան-Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարեւորությունը: Սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն առաջանա:
Չի բացառվում, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան: