Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 1:00-ին, Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հարձակվողներից մի քանիսը խոսել են իսպաներեն:
Հայիթիի վարչապետ Կլոդ Ժոզեֆը տեղեկացրել է, որ հարձակման ժամանակ վիրավորվել է երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը եւ տեղափոխվել է հիվանդանոց:
Վարչապետ Կլոդ Ժոզեֆը վճռականորեն դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «անմարդկային, բարբարոսական քայլ»: Դիմելով երկրի բնակչությանը՝ նա հանդարտության կոչ է արել՝ հավաստիացնելով, որ անվտանգության առումով իրավիճակը Հայիթիի ոստիկանության եւ զինված ուժերի վերահսկողության տակ է:
Սա երկրորդ մահափորձն էր 2017-ին Հայիթիի նախագահի պաշտոնը ստանձնած Մոիզիի վրա: Առաջին՝ ձախողված մահափորձը տեղի է ունեցել 2018-ի հոկտեմբերի 17-ին Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին: Նախագահը լուրջ վիրավորում չէր ստացել եւ տեղափոխվել էր ապահով վայր: Մոիզիի հետ վիրավորվել էին նրա երեք թիկնապահները:
Պատմական տեղեկանք
Հայիթիի անկախ պետությունը հիմնադրվել է 1804-ի հունվարի 1-ին: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Հայիթիի ստրուկները եւ գունավոր ազատ մարդիկ ապստամբեցին, սկսվեց Հայիթիի հեղափոխությունը (1791–1804): Դրա արդյունքում չեղարկվեց ստրկությունը, իսկ Նապոլեոն Բոնապարտի բանակը պարտություն կրեց ապստամբներից։
Հեղափոխությունից հետո հիմնադրված Հայիթին դարձավ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի առաջին անկախ պետությունը եւ երկրորդ հանրապետությունը Ամերիկայում, նաեւ աշխարհում միակ երկիրը, որը հիմնադրվել է ստրկական հաջող ապստամբության շնորհիվ: Բացի երկրի առաջին նախագահ Ալեքսանդր Պետիոնից՝ կառավարության բոլոր ղեկավարները նախկին ստրուկներ էին: